211652_close_icon
views-count123829 դիտում article-date 15:30 17-07-2016

Երևանում զինված խմբի գործողությունների արդյունքում հրազենային վիրավորում են ստացել նաև Շենգավիթի և Արաբկիրի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լետենանտ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի վրա հարձակման հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արման Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Իսկ զոհվածը ոստիկանության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության Շենգավիթի բաժնի պետն է, Հ. Խոստեղյանը ոստիկանության Արաբկիրի բաժնի պետն է: Վերջիններս ոստիկանության համակարգում համարվում են պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատողներ ու նրանց գլխավորությամբ բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտվել: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/17/90646/]հայտնել [/url]էինք, այսօր՝ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք էին գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում էին այնտեղ գտնվող անձանց, տեղեկացրել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։ Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պետական իշխանության մարմինները գործել են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացրել են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները: Զինված անձանց հետ վարվել են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար: «Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,– ասված է եղել ԱԱԾ հաղորդագրությունում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 262+
262+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր