211652_close_icon
views-count2604 դիտում article-date 23:37 29-06-2016

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի փառատոնի մասնակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի առաջին փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախաձեռնությամբ կազմակերպության մարզահամալիրում անցկացվող փառատոնը մեկտեղել էր Հայաստանի Հանրապետությունում արևելյան մարտարվեստով զբաղվող ֆեդերացիաներին: Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը կդառնա ավանդական ու արևելյան մարտարվեստների հայ մարզիկներին հնարավորություն կընձեռի այս փառատոնում ևս ներկայացնելու իրենց յուրօրինակ հմտություններն ու ձեռքբերումները: «Առաջին անգամ անցկացվող փառատոնը համախմբել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի ֆեդերացիաներին, ինչը ողջունելի է և պետք է դառնա ավանդական: Վստահ եմ, նման նախաձեռնությունների շնորհիվ է նաև, որ թե՛ արևելյան մարտարվեստների և թե՛ մյուս բոլոր մարզաձևերում տարեց տարի ավելանում է մարզիկների ու մարզիչների թիվը: Եվ մենք պետք է մշտապես նպաստենք նման նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնց հիմնական նպատակը բոլոր մարզաձևերի մասսայականացումն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին այս փառատոնն էլ ավելի կընդլայնի շրջանակն, ու մենք կգրանցենք նորանոր ձեռքբերումներ: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես լինելու է բոլոր ֆեդերացիաների, մարզիչների ու մարզիկների կողքին և աջակցելու է նմանատիպ բոլոր ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետը: ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական աջակցության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության միջև հաստատված համագործակցությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ, ինչի շնորհիվ արդեն իսկ գրանցվում են շոշափելի արդյունքներ: Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի «Քաղաքապետի գավաթ» փառատոնի պատվոգրերով է պարգևատրել փառատոնին մասնակից ֆեդերացիաների նախագահներին: Հայաստանում արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի զարգացման և տարածման գործում ներդրած ավանդի համար ֆեդերացիաների նախագահների անունից Գառնիկ Հայրապետյանն էլ հատուկ պատվոգիր է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Փառատոնի պաշտոնական մեկնարկը, որին Երևանի քաղաքապետի և մարզասրահ այցելած հանդիսականների հետ միասին հետևել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ուղեկցվել է ՀՀ քիք-բոքսինգի ազգային, Ավանդական ուշուի, Հայաստանի Կիոկուշին կարատեի, Այկիկենդո կարատե-դո, Կենտրոն ավանդական կարարատե-դո ֆեդերացիաների սաների ցուցադրական ելույթներով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր