211652_close_icon
views-count6706 դիտում article-date 04:10 28-06-2016

Եվրո-2016. Իսլանդիան շոկի մեջ գցեց աշխարհին. Տեսանյութ

2016թ. Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ այս մրցաշարի ամենամեծ անակնկալը. 1/8 եզրափակիչում Իսլանդիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Անգլիային: Իսլանդիայի հավաքականը արդեն այնքան անակնկալներ է մատուցել վերջին երկու տարում, որ թվում էր, թե բավական է, անգլիացիները այս հանդուգն թիմին կկանգեցնեն: Եվ երբ արդեն հանդիպման 3-րդ րոպեին Անգլիան 11մ. հարվածի իրավունք ստացավ, եւ Ռունիի դիպուկ հարվածով բացեց հաշիվը, թվում էր, թե անգլիացիները գոլերի տարափ կտեղան 330 հազ. բնակչություն ունեցող Իսլանդիայի հավաքականի դարպասին: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը. Իսլանդացիները շատ արագ հավասարեցրին հաշիվը, իսկ քիչ անց նաեւ երկրորդ գոլը խփեցին: Սա շոկ էր անգլիացիների համար, որոնք մինչեւ հանդիպման ավարտը այդպես էլ ուշքի չեկան: Անգլիայի հավաքականը անճանաչելի էր, պարզունակ սխալները այնքան շատ էին, որ կարծես այս թիմը չէր, որ ծայրեծայր համալրված էր համաշխարհային կարգի ֆուտբոլիստներով: Իսլանդացիները բավական գրագետ պաշտպանվում էին, սուր հակագրոհներ կազմակերպում եւ ընդհանրապես, վախի զգացումն այս թիմին ընդհանրապես խորթ էր: Անգլիացիները այդպես էլ չկարողացան փրկել խաղը եւ սենսացիոն կերպով լքում են մրցաշարը: Ինչ որ տեղ Իսլանդիան հիշեցնում է հեքիաթային «Լեսթերը»: Նույքան համեստ թիմ, համեստ հնարավորություններով, սակայն կամային ու մարզական բացառիկ հատկանիշներով, որոնց շնորհիվ այն շարունակում է իր հաղթարշավը: Այսպիսի թիմերը ցանկացած մրցաշարի զարդն են եւ ցանկալի է, որ Իսլանդիայի հեքիաթը դեռ երկար շարունակվի: Նշենք, որ Իսլանդիան 1/4 եզրափակիչում կհանդիպի Ֆրանսիայի հավաքականի հետ: [b]Եվրո-2016, 1/8 եզրափակիչ [/b] Անգլիա - Իսլանդիա՝ 1:2 Ուեյն Ռունի, 4 (11մ) - Ռագնար Սիգուրդսոն, 6, Կոլբեյն Սիգթորսոն, 18
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր