211652_close_icon
views-count3032 դիտում article-date 19:29 27-05-2016

Հայաստանի եւ Էկվադորի խորհրդարանների փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոն հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Էկվադորի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը եւ հավելել, որ տիկին Ալվարադոյի գլխավորած պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա այդ կապերի խորացման հարցում: Պարոն Շարմազանովը տեղեկացրել է, որ իր առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբեր նախաձեռնելու վերաբերյալ: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ դա լավ հիմք կլինի երկկողմ խորհրդարանական կապերի ամրապնդման համար: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քննարկվել է նաեւ ցեղասպանությունների միջազգային դատապարտման խնդիրը: Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել տիկին Ալվարադոյին Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության հարցում ցուցաբերած քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշման համար: «Մենք կարծում ենք, որ ցեղասպանությունների միջազգային դատապարտումը կարեւոր է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ անցյալի ցեղասպանությունները դատապարտվեն՝չկրկնվելու պայմանով, որովհետեւ լռությունը եւ ժխտողականությունը դուռ է բացում նոր ցեղասպանությունների համար, իսկ դատապարտումը փակում է դռները»,- ասել է պարոն Շարմազանովը: Նշվել է, որ անթույլատրելի է համարվել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը՝ վերահաստատելով, որ դա որեւէ կապ չի կարող ունենալ ժողովրդավարական 21-րդ դարի հետ: «Մենք դատապարտել ենք Թուրքիայի միակողմանի սատարումը Ադրբեջանի ագրեսիային Լեռնային Ղարաբաղում՝ եւս մեկ անգամ անթույլատրելի եւ դատապարտելի համարելով Ադրբեջանի իշխանությունների եւ ադրբեջանական զինուժի ահաբեկչությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ՝ նշելով, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի կարող ունենալ»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նմանատիպ նյութեր