211652_close_icon
views-count3757 դիտում article-date 17:29 27-05-2016

Արցախի վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին՝ Վերջին զանգի առթիվ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի Վերջին զանգի միջոցառմանը: Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել նորանոր նվաճումներ կյանքի բոլոր ասպարեզներում: Վարչապետն իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ շրջանավարտներ, այս հիշարժան տոնի առթիվ շնորհավորելով ձեզ՝ պատգամում եմ, որ երբեք չմոռանաք ձեր հայրենիքը, պատրաստ լինեք նրա պաշտպանությանը, շենացմանն ու բարգավաճմանը նվիրվելուն: Հիշեցե՛ք, կյանքի բոլոր էտապներում մեր բոլոր հաջողությունների համար մենք պարտական ենք մեր Հայրենիքին: Հայրենիքն է, որ հոգատար ծնողի պես սիրում ու փայփայում է մեզ, հոգում մեր մասին: Երկրի շենացումը սկսում է ընտանիքից և սերմնավորվում դպրոցում՝ ձեր ուսուցիչների տված գիտելիքներով: Համոզված եմ, որ դպրոցից սկսվող Վերջին Զանգի ղողանջները նոր ազդակ են լինելու կյանքի դժվարին ճանապարհին նորանոր բարձունքներ հաղթահարելու համար: Կցանկանայի, որ մասնագիտական ինչ կողմնորոշում էլ ընտրեք, ձեզ վրա պատվով կրեք Արցախի արժանի զավակ լինելու կոչումը: Եղե՛ք մեր հայրենիքի արժանի զավակներ, իմացե՛ք, որ հայոց աշխարհին պետք են ուսյալ, խելացի ու բանիմաց մարդիկ: Համոզված եմ՝ դուք եք լինելու Ավարայրի, Սարդարապատի, Շուշիի, ապրիլյան ազատամարտի արժանի հետնորդները՝ պատրաստ ամեն րոպե կրկնել ձեր հայրերի ու եղբայրների սխրանքները: Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ. թո՛ղ այն հնչի որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող մեկնարկ: Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք, դեպի նոր բարձունքների նվաճում»:

Նմանատիպ նյութեր