211652_close_icon
views-count3120 դիտում article-date 17:00 27-05-2016

Բուլղար ուղղափառ եկեղեցու պատրիարքն ընդունել է Բուլղարիայի Հայոց առաջնորդ, Տեր Իսահակ Վարդապետ Պեղոսյանին. լուսանկարներ

Ս.թ. մայիսի 26-ին, Բուլղար ուղղափառ եկեղեցու պատրիարք և Սոֆիայի մետրոպոլիտ Նորին Սրբություն Նեոֆիտը պատրիարքարանում պաշտոնապես ընդունել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին: Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունել է պատրիարք Նեոֆիտին և նրան փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ հայրապետի եղբայրական ողջույնը: Առաջնորդական ընտրությունից հետո, սա Հայր Իսահակի առաջին այցելությունն էր Բուլղարիայի պատրիարքին, որի ընթացքում խոսվել է նաև Նեոֆիտ պատրիարքի հրավերով Վեհափառ հայրապետի հավանական հայրապետական այցելության մասին: Հոգեշնորհ Հայր սուրբը ներկայացրել է իր տպավորությունները Բուլղարիայում, մասնավորապես նշելով. «Այս յոթ ամիսների ընթացքում, ինչ գտնվում եմ Բուլղարիայում, վստահորեն կարող եմ հաստատել, որ Ձերդ Սրբությունը բարձր հեղինակություն է բուլղար ժողովրդի համար և Դուք, ինչպես նաև Բուլղար ուղղափառ եկեղեցին, վայելում եք Ձեր ժողովրդի սերն ու հարգանքը»: Նորին Սրբությունն իր հերթին ողջունել է Բուլղարահայոց առաջնորդին` մաղթելով բազմարդյուն առաջնորդություն: «Մենք լիահույս ենք, որ, ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրոպայում և բոլոր աշխարհում քրիստոնեությունը առավել պիտի հաստատվի և տարածվի:», – իր խոսքում նշել է Նեոֆիտ պատրիարքը: Հանդիպմանը ներկա են եղել Բուլղարիայի կրոնական համայնքների Ազգային խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը և Բուլղարիայի ,,Հայ Դատի,, հանձնախմբի համաատենապետուհի Տիկին Վարդանուշ Թոփակբաշյանը: Բուլղար ուղղափառ եկեղեցու կողմից հանդիպմանը մասնակցել են Սուրբ Սինոդի գլխավոր քարտուղար Գերասիմ վարդապետը, ավագ լուսարար Վասիլի Սարյանը և պատրիարքարանի վարչակազմի ղեկավար Թոդոր Աթանասովը: Հանդիպման ավարտին Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը Նորին Սրբություն պատրիարք Նեոֆիտին նվիրել է որոշ հուշանվերներ Սուրբ Էջմիածնից և մյուռոնաթափ աղավնու կրկնօրինակ: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր