211652_close_icon
views-count1052 դիտում article-date 20:10 26-05-2016

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի պաշտոնական հրավերով մայիսի 25-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, մասնակցելու է Վրաստանի Անկախության քսանհինգերորդ տարեդարձի տոնակատարությանը: Այցի շրջանակում մայիսի 26-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ. հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը: Վրաստանի անկախության տոնին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքում հայ խորհրդարանականները կմասնակցեն Թբիլիսիի Ազատության հրապարակում կայանալիք Վրաստանի զինված ուժերի երդման արարողությանը, Վրաստանի խորհրդարանի նախագահի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, ինչպես նաեւ Անկախության 25-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին եւ համերգին: Տեղեկացնենք, որ Վրաստանի Անկախության տոնին մասնակցելու նպատակով Թբիլիսի են ժամանել ինը երկրների խորհրդարանական պատվիրակություններ՝ Հայաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Իսրայելից, Չեխիայից, Բելառուսից, Թուրքիայից: Վրաստան է ժամանել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը:

Նմանատիպ նյութեր