211652_close_icon
views-count1664 դիտում article-date 17:26 26-05-2016

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

Մայիսի 26-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է ուսումնաճանաչողական հնգօրյա այցով Հայաստանում գտնվող Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնց կազմում էին նաև Գերմանիայի քրիստոնյա- դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևի անդամները: ՀՀ փաստաբանների պալատ այցի հիմնական նպատակը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի քննարկումն էր:  Ողջունելով հյուրերին՝ Արա Զոհրաբյանը ներկայացրել է Պալատի կառուցվածքը, հիմնական առաքելությունը՝ անդրադառնալով գործունեության գերակա առաջնահերթություններին: Պալատի նախագահի խոսքից հյուրերին տպավորել է Պալատի անդամ կանանց տոկոսային հարաբերությանը վերաբերող հատվածը. նրանք 41 տոկոս կանանց ներկայացվածությունը համարել են խոսուն և ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան տվյալ: Խոսելով ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում փաստաբանական համայնքի դերից՝ Արա Զոհրաբյանն ընդգծել է փաստաբանի անկախության երաշխիքների կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել է հասարակության կողմից փաստաբանին վստահորդի հետ նույնացնելու թյուրընկալումը, ինչը թերևս տարածված, սակայն փաստաբանի մասնագիտական գործունեության վրա ազդեցություն և հետք չթողնող գործոն է:  Հիմնադրամի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդ անդամներին հետաքրքրել են մեր երկրում իրավաբանի՝ փաստաբան դառնալու գործընթացը, պրակտիկ աշխատանքում հանդիպող խնդիրները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործեր վարած փաստաբանների մասնագիտական որակները:  Անդրադառնալով Հիմնադրամի որդեգրած քաղաքականությանը և քաղաքագիտական կոնֆլիկտների ուսումնասիրման հանձնառություններին՝ պատվիրակության անդամ պրոֆեսոր Շտեպ Հոկարտախերը հարցեր է ուղղել Հայաստան-Արցախ համագործակցության, Արցախին Հայաստանի կողմից իրավական օգնության տրամադրման հնարավորություններին:  Պալատի նախագահը, խոսելով Հայաստանի՝ որպես եվրոպական արժեքներ կրող երկրի խաղաղասիրական նպատակներից, ներկայացրել է Հայաստան-Արցախ իրավահարաբերությունները՝ պարզաբանելով իրավական ոլորտում ձևավորված գործընկերային հարաբերությունները:  Ներկաները քննարկել են նաև ԼՂՀ-ադրբեջանական շփման գծում և խաղաղ բնակավայրերում ադրբեջանական բանակի կողմից ապրիլին հրահրված ռազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցած վայրագությունները՝ պատերազմի կանոններից դուրս անմարդկային բռնարարքներն ու դրանց դատապարտմանը միտված ներպետական և միջազգային եղանակները:  Հանդիպման ավարտին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար: Հյուրերը՝ ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ուղեկցությամբ, նաև շրջայց են կատարել Պալատի շենքում՝ ծանոթանալով Հանրային պաշտպանի գրասենյակի և ՀՀ փաստաբանական դպրոցի իրավակազմակերպչական գործառույթներին:

Նմանատիպ նյութեր