211652_close_icon
views-count12501 դիտում article-date 22:45 30-04-2016

«Ես գող եմ» ․(էսսե)․ Արայ Զարգարեան

Ամեն անգամ գրքերի դարակը դասավորելիս, երբ աչքերիս առաջ հայտնվում է Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպը, մի ուրիշ ժպիտ ու հրճվանք է հայտնվում խամրած դեմքիս։ Ժամանակը ամենանողկալի երևույթներից մեկն է, նա ամեն վայրկյան պատրաստ է մեզ ուրախության ու տխրության պահեր պարգևել։ Բանակում ծառայության տարիներին էր, երբ մի քանի անգամ այցելել էի զորամասի գրադարան։ Այդ այցելությունների ժամանակ լավ հոտառություն ունեցող մարդասպանի նման հասցրել էի զննել բոլոր գրքերը։ Առաջին զոհս պետք է լիներ հենց Կաֆկան։ Գրադարանում հանգրվանած գրքերը լավագույն դեպքում պետք է զուգարանի թուղթ ծառայեին։ Մինչ այդ շատ առիթներով գողություն արել էի, բայց սա առաջին դեպքն էր, որ պիտի մարդկային միտք առևանգեի։ Լարվածություն կար իմ մեջ, անսովոր ու սպանող դող, որ ամենափորձված մարդասպանին անգամ կարող էր մատնել։ Գրադարանից վերցրի Կաֆկան ու մատյանում նշեցի, որ մեկ շաբաթից պիտի վերադարձնեմ։ Որոշեցի գիրքը ետ չվերադարձնել ու ուղարկել տուն։ Ո՞րն էր նողկալի քայլ համարվում՝ քրիստոնեական օրենքներին դեմ գնալով կատարել գողություն, թե՞ թողնել, որ Կաֆկայի գանձերից մեկը, որ ժամանակին, ըստ գրողի կտակի, պիտի ոչնչանար, ոչնչացնեին երկրորդ անգամ։ Եթե Դոստոևսկին կենդանի լիներ, ապա ինձ կարդարացներ։ Ես գող եմ, ես գրադարանից գողացա գիրք, բայց կյանքում չեմ զղջա իմ պատվիրանազանց արարքի համար։ Հիմա ամեն անգամ մեծ սիրով ու ուրախությամբ եմ հանում դարակից Կաֆկային։ Ներքին բավարարվածություն կա, որ փրկեցի այս գրքի գոյությունը։ Հիշում եմ, որ շատ տարիներ առաջ ժխտում էի գողություն կոչվող հանցագործության բոլոր արդարացումները։ Հիմա եմ հասկանում «Գրքի գողը, գող չէ» թևավոր խոսքի իմաստության արժեքը, ու ամեն անգամ ներքին ու արտաքին ժպիտ է պատում ինձ, երբ կարդում եմ Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի այս տողերը. «Մինչ պարոններից մեկը դանակը խորը խրեց Կ-ի սիրտն ու երկու անգամ պտտեցրեց, մյուսը ձեռքերն օղակել էր կոկորդի շուրջը։ Կ-ի կուլ գնացող աչքերը տեսան, թե ինչպես էին պարոնները քիթ-քթի տված կռացել իր դեմքի վրա ու հոգեվարքին էին հետևում։ -Շան նման.-ասաց նա, կարծես խայտառակությունն իրենից շատ ավելի երկար էր ապրելու»։ Ես արդարացնում եմ իմ գործած հանցանքը։ Նյութի աղբյուրը՝ [url=ww.qayl.am/06-11-2015-13/]www.qayl.am[/url]

Նմանատիպ նյութեր