211652_close_icon
views-count3149 դիտում article-date 21:20 30-04-2016

Ծանր վիրավորների ապաքինումը օրակարգային է

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները: Նախարարին ներկայացվել են կատարված միջամտությունների տեսակները, ինչպես նաև տեղեկացվել, որ այժմ մասնագետները քննարկվում են ձախ աչքի վիրահատության հնարավորությունը: «Վիրավորը հրազենային վնասվածք է ստացել, հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Աջ աչքի վիճակը ծանր էր, բայց հուսալի»,- նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` հավաստիացնելով, որ մասնագետները ջանք չեն խնայի վիրավորի տեսողությունը լավացնելու և վերականգնելու համար: Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ մասնագետների հետ քննարկել է ծանր վիրավորների հետագա վերականգնողական բուժման ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ դեղերով և բժշկական նշանակության պարագաներով ապահովվածության հարցերը: Նախարարը զրուցել է վիրավորների և նրանց հարազատների հետ` հավաստիացնելով, որ ապաքինման գործընթացն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Նմանատիպ նյութեր