211652_close_icon
views-count4010 դիտում article-date 09:38 13-02-2016

Թավշյա հեղափոխության նման իրավիճակ է ձևավորվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեորգի Կուտոյանը, ով ընդամենը տասը օր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, երեկ նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ասել, թե այս նշանակումն անակնկալ էր, նշանակում է՝ ոչինչ չասել: Իրականում, այս նշանակումը նման էր ամպրոպի՝ բաց երկնքում: Բանն այն է, որ Գեորգի Կուտոյանը պետական կառավարման համակարգում իր կարճատև պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության համակարգում երբևէ չի աշխատել: Ուստի՝ Սերժ Սարգսյանի կողմից նրան նման պատասխանատու պաշտոն վստահելը, թերևս, դժվար էր կանխատեսել: Սակայն այս նշանակումն ուշագրավ է ոչ թե իր անակնկալ լինելով, այլ՝ քաղաքական դաշտում դրա ազդեցությամբ: Ամանորից հետո իշխանական կուլիսներում լուրեր էին տարածվել այն մասին, թե, իբր, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ որպես իշխանության երիտթևի ներկայացուցիչ, տապալվել է, և Սերժ Սարգսյանը պատրաստվում է նրան պաշտոնանկ անել: Այս լուրերի տարածմանն ակտիվ օժանդակում էին նաև նույն երիտիշխանավորները: Գեորգի Կուտոյանի՝ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելն այդ լուրերի վրա, կարծես, յուղ լցրեց, և բոլորը սպասում էին, որ Կոստանյանը, ուր որ է, հրաժարական կտա, և նրան կփոխարինի Կուտոյանը: Սակայն, իրականում, Կուտոյանը դատախազություն էր ուղարկվել այնտեղից արդեն գնդապետի կոչումով ԱԱԾ տեղափոխվելու համար: Իսկ Կոստանյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերն ընդամենը միտված էին բթացնելու իշխանության «հնաբնակների» զգոնությունը, մինչև որ Սերժ Սարգսյանն ավարտին կհասցներ երիտիշխանավորներին իշխանության կարևորագույն հերթական օղակը հանձնելու գործընթացը: Թավշյա հեղափոխության նման մի իրավիճակ է ձևավորվել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր