211652_close_icon
views-count1974 դիտում article-date 21:39 06-02-2016

2016 թվականի փետրվարի 8-11-ը, Բելա­ռուսի Հանրապետությունում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր:

Հայ-բելառուսական մշակութային համագործակցության շրջանակում և «Հայաս­տանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրա­­պե­տության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2014-2017 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա` ս. թ. փետրվարի 8-11-ը, Բելա­ռուսի Հանրապետությունում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Մինչ օրս նշյալ ձևաչափով Հայաստանում Բելառուսի մշա­կույթի օրեր անցկացվել են 2005, 2011 և 2014 թվականներին, իսկ Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր՝ 2007 և 2013 թվականներին: Հայաստանի և Բելառուսի մշակույթ­ը ներկայացրել են հեղինակավոր կոլեկտիվներ և անհատ կատարողներ: Այս տարի Հայաս­տանի մշակույթի օրերի շրջանակում Մինսկում համերգով հանդես կգա Հայաս­տանի պետական ջազ նվագա­խումբը, Մ. Սավիցկու անվան պատկերասրահում կբացվի հայ ժամանա­կակից նկարիչների արվեստի ստեղծագոր­ծություն­ների ցուցահանդեսը, ինչպես նաև Մինս­կի ազգա­յին գրադարանում կկազմակերպվի հայ­կական գրքերի ցուցահանդես: Հայաս­տանի մշակույթի օրերի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Մշակույթի օրերի բացման գալա համերգը կկայանա փետրվարի 9-ին, Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում: Հայ նկա­րիչ­ների ցուցահանդեսը կգործի փետրվարի 10-19-ը. կներկայացվի 13 նկար­չի` 60 աշխատանք: Նույն օրերին Մինսկում կբացվի 23-րդ գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանն այս տարի մասնակցում է Պատվավոր հյուրի կարգավիճակով: Հայկական տաղավարում կներկայացվի պետական պատ­վերով ու աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր նախաձեռնություններով հրատարակված 200 միավոր գրականություն: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայաստանի անկախության թեմայով հրատարակված գրականությունը: Հայկական տա­ղա­վարը ձևավորված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհր­դանիշ անմոռուկներով և Հայաստանի անկախության 25-ամյակի խորհրդանիշ պաս­տառ­ներով:

Նմանատիպ նյութեր