211652_close_icon
views-count1399 դիտում article-date 10:03 25-11-2015

Անմեղսունակ պատրանքների մեջ ենք. «Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. «Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի»՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգևորված բացականչում է իմ հայրենակիցների մի մասը: Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսևորումն է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի՝ հենց սա՛ է: Խնդիրը որպես պետություն և որպես անհատ քեզնից դուրս տեսնելու և դրսից փրկիչներ սպասելու հետ մեկտեղ մենք նաև ինչ-որ անիմաստ, կասեի նույնիսկ՝ անմեղսունակ պատրանքների մեջ ենք, թե կան ինչ-որ «լավ» ազգեր կամ պետություններ, որոնք «հայանպաստ» քաղաքականություն են վարում (կամ պիտի վարեն), և կան «վատտերը», որոնց ուշքն ու միտքը մեզ վնասել է: Իրականում համաշխարհային քաղաքականության մեջ չկա «լավը» և «վատը», չկա հավատարմություն և դավաճանություն, չկա «նվիրվելն» ու «ծախելը»: Պետությունների գործողությունները նման «բարոյական» գնահատականներից դուրս են: Նրանք գործում են իրենց շահերից ելնելով, իսկ մնացած հանգամանքները, այդ թվում՝ այլ ազգերին ու պետություններին, հնարավորության դեպքում օգտագործում են՝ իրենց շահերն առաջ տանելու համար: Եթե մենք ուզում ենք մեկի կողմից «օգտագործված» լինենք և հույս ունենք, որ որպես «շնորհակալություն» այդ մեկը մեզ «լավություն» կանի, ապա, մեղմ ասած, միամիտ ենք: Առավել ևս՝ չպիտի խնդիր ունենանք որևէ մի պետությանը բացատրելու իր շահերը՝ պատկերացնենք, այդ պետությունների ղեկավարները դրանք շատ լավ գիտեն առանց մեզ»:

Նմանատիպ նյութեր