211652_close_icon
views-count81805 դիտում article-date 11:20 05-11-2015

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. 2 դիմակավորված ճիվաղ ծեծի են ենթարկել տարեց ամուսիններին՝ իրենց հետ տանելով ոսկյա զարդեր ու գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղներ Գեղակերտ գյուղում մտել են ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել, տունն ամբողջովին տակնուվրա արել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները՝ 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանները, վնասվածքներ են ստացել, իսկ այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները: Առաջին իսկ պահից տուժած գյուղացիների կողքին է գտնվում Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ այն աստիճանի են զայրացած, որ ստահակները ձեռք են բարձրացրել ամուսինների վրա, ովքեր գյուղում հարգված են, իրենց քրտինքով ապրող ու երբևէ ոչ մեկին վատություն չեն արել: Նրանց զավակներից երկուսը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, մեկը՝ Երևանում, մեկն էլ՝ Միացյալ Նահանգներում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր