211652_close_icon
views-count26267 դիտում article-date 11:35 26-10-2015

Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ Հոկտեմբերի 27-ի անհայտ և հայտնի էջերի մասին, ըստ նրա՝ ամենադաժան պատիժը՝ ոճրագործներին և ոչ միայն

Վստահաբար կարող ենք պնդել, որ կատարվածը ծրագրել էին մեր ազգի, մեր անկախության թշնամիները։ Այդ կերպ ծրագրավորվել էր մահացու հարված հասցնել հայոց անկախությանը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, Զորավար Մանվել Գրիգորյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին: Նա անդրադարձավ նաեւ ներքաղաքական վերջին զարգացումներին: Գեներալի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]- Պարոն գեներալ։ Վաղը լրանում է 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգության 16 տարելիցը։ Այսքան տարի անց կարո՞ղ ենք վստահաբար պնդել, որ հանցագործության բոլոր մեղավորները պատժված են ու նաեւ մոտ 2 տասնամյակ անց արդեն սթափ վիճակում, առանց էմոցիաների, ինչպե՞ս կարելի է գնահատել հոկտեմբերի 27-ին կատարվածը։ [/b] - Հոկտեմբերի 27-ը դավադրություն էր հայ ազգի նկատմամբ, հայոց պետականության նկատմամբ։ Այդ օրը ներքին թուրքի ձեռքով գնդակահարվեցին ազգային-պետական հզոր գործիչներ։ Ես ավելորդ չեմ համարի եւ մեկ առ մեկ կթվարկեմ բոլոր ութի անունն էլ։ Ազգադավ այդ ձեռնարկին զոհ գնացին ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ, Հայոց բանակի հիմնադիր, Սպարապետ, այդ պահին վարչապետ Վազգեն Սարգսյանը, տասնամյակների ականավոր պետական գործիչ, տվյալ պահին խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, հզոր անհատականություններ Յուրա Բախշյանը, Արմենակ Արմենակյանը, Ռուբեն Միրզոյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Միքայել Քոթանյանն ու Հենրիկ Աբրահամյանը։ Սա անդառնալի կորուստ էր՝ գլխատվեց իշխող էլիտան։ Վստահաբար կարող ենք պնդել, որ կատարվածը ծրագրել էին մեր ազգի, մեր անկախության թշնամիները։ Այդ կերպ ծրագրավորվել էր մահացու հարված հասցնել հայոց անկախությանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե չկա՞ն, արդյոք, հովանավորներ, որ մնացել են անպատիժ, ապա ես կասկած չունեմ, որ բոլորն էլ իրենց արարքների համար պատասխան են տալիս։ Մեղավորները կա՛մ օրենքի առաջ են պատասխան տալիս, կա՛մ հակառակ պարագայում ստիպված են լինում պատասխան տալ Աստծո առաջ։ Այս երկրորդ տարբերակն առավել դաժան է, քանի որ հաճախ անմարդկային արարքների համար պատասխան են տալիս այդ մարդ կոչեցյալների ժառանգները։ [b]-Հոկտեմբերի 27-ին ԵԿՄ-ն ի՞նչ ծրագրեր ունի։ [/b] - Բնականաբար, վաղ առավոտյան կլինենք Եռաբլուրում։ Մինչ այդ ծաղկադրում կանենք ԵԿՄ վարչական շենքում կանգնեցված Սպարապետի կիսանդրիին։ Այնուհետեւ կլինենք հայ մեծերի ազգային Պանթեոնում, կխոնարհվենք Կարեն Դեմիրճյանի շիրմի առջեւ։ Երկրապահական պատվիրակությունները կլինեն Նորքում, Երեւանի քաղաքային պանթեոնում, Արարատում, ԱԺ բակում՝ հոկտեմբերի 27-ի զոհերի պատվին կանգնեցված հուշարձանի մոտ։ Երկրապահական պատվիրակությունները լինելու են Հայաստանի, Արցախի եւ նույնիսկ արտերկրի բոլոր հուշարձանների մոտ, որ կանգնեցված են Սպարապետ Վազգեն Սարգսյանի, հոկտեմբերի 27-ի մնացյալ զոհերի հիշատակին, նաեւ` Արցախյան ազատամարտի նահատակների զոհերի պատվին կանգնեցված, Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանների մոտ։ [b]- ԵԿՄ հիմնադրի ժառանգությանն ինչպե՞ս եք տեր կանգնում։ [/b] - Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները մեզ համար ուղենշային են։ Սպարապետի պատգամն իրականացնում է երկրապահական եռասերունդ ընտանիքի կայացումը, քանի որ հենց Վազգեն Սարգսյանը ԵԿՄ 3-րդ համագումարում հայտարարեց, որ պետք է կառույցի դռները բացվեն հանրության լայն շերտերի, մասնագետների, մտավորականների, երիտասարդների եւ պատանիների առջեւ։ Եվ հաջորդը՝ Սպարապետի միտքն էր, որ երեխան պետք է դպրոցից ճանաչի իր ազգի պատմությունը, իմանա՝ ինքն ո՞վ է, որտեղի՞ց է գալիս, ի՞նչ առաքելություն ունի։ Հենց այս գաղափարի իրականացումն է այն, որ այսօր «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ գործում են Հայաստանի, Արցախի եւ արտերկրի ԵԿՄ բոլոր բաժանմունքներում, ակումբներ ստեղծվում են հանրապետության բոլոր դպրոցներում, բոլոր ուսումնական հաստատություններում, որ արդեն պատանի երկրապահների թիվը մոտենում է 30.000-ի։ Այդ գաղափարի իրագործումն է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ոստիկանության, պետական կադաստրի կոմիտեի, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմինների, «Ֆակտում» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչների ընդգրկմամբ, հրամանատարասերժանտական դասընթացներ ենք անցկացնում պատանի երկրապահների համար։ Այս կառույցներում թրծվող տղաներն ու աղջիկները Հայաստան պետության լիարժեք քաղաքացի են դառնում, որ ցանկացած պահի ունակ են ինքնապաշտպանվել ու պաշտպանել իրենց սրբություները՝ ծնողներին, հայրենիքը, հայոց անկախ պետականությունը։ Պատանի երկրապահների համար վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրը, իսկ առջեւում՝ հայոց անկախ պետականությունը։ [b]- Ի՞նչ կարծիքի եք սահմանային վերջին սրացումների վերաբերյալ։ Պատերազմի վերսկսման վտանգ չե՞ք տեսնում։ [/b] - Երկրապահը չի կարող անտարբեր մնալ սահմանային իրավիճակի խնդրի նկատմամբ։ Դեռ տարեսկզբից մեր երեք սերունդներից բաղկացած պատվիրակությունները շարունակաբար լինում են Հայաստանի եւ Արցախի բոլոր սահմանային զորամասերում, հենակետերում։ Հիմա էլ արագ արձագանքման խմբեր ենք ստեղծել եւ բոլոր տարածքային բաժանմունքներում ունենք պատրաստի անձնակազմեր, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կկանգնեն սահմանային առաջնագծում։ Սա, իհարկե, արվում է Հայոց բանակի հետ համագործակցությամբ։ Բանակն այսօր հզոր է, ամուր է եւ ցանկացած պահի ունակ է պատժել ոսոխի ամեն մի ոտնձգություն։ Եթե հանկարծ թուրքը շշկռվի ու մեկ էլ մեզ պատերազմ պարտադրի, մենք դրանց բերանը վերջնականապես կփակենք, Ադրբեջան պետությունը կջնջենք աշխարհի երեսից։ Մենք խաղաղասեր ենք, պատերազմ չենք կամենում, բայց ցանկացած պահի պատրաստ ենք երաշխավորել հայ ազգի, Հայաստան եւ Արցախ պետությունների անվտանգությունը տվյալ պահի պահանջներին համապատասխան։ Ի դեպ, մեկ անգամ էլ կրկնեմ, որ այսօր սահմանին կանգնած են իմ, իմ երեխաների, թոռների անվտանգությունը երաշխավորող այն քաջ տղաները, որոնք դեռ չէին էլ ծնվել, երբ ես ու իմ ընկերներն իրենց ծնողների անդորրն էինք երաշխավորում։ Ես հպարտանում եմ մեր երիտասարդությամբ ու լիովին վստահում եմ նրանց, հարյուր տոկոսով վստահում եւ հավատում եմ սահմանապահ հայ զինվորին, հայոց բանակին, ՀՀ եւ Արցախի պաշտպանության նախարարներին եւ նախագահներին։ [b]- Դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի վերաբերյալ Երկրապահը դիրքորոշում ունի՞։ [/b] - Երկրապահը ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի։ Ընդհանրապես, Երկրապահն ակտիվորեն մասնակցել եւ մասնակցելու է ոչ միայն հանրաքվեներին, այլեւ ամեն տեսակի համապետական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ տեսակի ընտրություններին։ Ինչպես վարչությունում, այնպես էլ մարզային խորհուրդներում, տարածքային բաժանմունքներում աշխատանքային խմբեր ենք ձեւավորել, որոնց առաջնային նպատակը եռասերունդ երկրապահական ընտանիքում Սահմանադրության փոփոխություններում առաջարկվող գաղափարները բացատրել, մեկնաբանելն է։ Իհարկե, մասնակցելու ենք նաեւ հավատարիմ ԵԿՄ նախորդ համագումարների բանաձեւերին, սատարելու ենք ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հայրենասիրական հերթական նախաձեռնությանը։ Մենք նախագահին վստահում ենք, քանի որ նա երկրապահ է, նա մեզանից մեկն է, մեր մարտական ընկերն է։ Եթե մեր պետությունը ցանկանում է քայլել ազգերի, պետությունների միջազգային կառույցների հետ, պարտավոր ենք որոշակիորեն մեր օրենսդրությունը համահունչ դարձնել աշխարհում առկա միտումներին։ Սահմանադրությունը, օրենսդրությունը բարեփոխելը բնական, բնականոն գործընթաց է։ [b]- Ինչպե՞ս եք վերաբերվում այն խոսակցություններին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս գործընթացը սկսել է միայն այն նպատակով, որ շարունակի պաշտոնավարել որպես երկրի թիվ մեկ պաշտոնյա։ Ձեր կարծիքով՝ Սահմանադրության փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանն ի՞նչ պաշտոն կզբաղեցնի։ [/b] - Նախագահն ինքն է որոշում իր անելիքը։ Անհրաժեշտ պահին նա կհայտնի իր որոշումը, իսկ մնացյալ խոսակցությունները զուտ բամբասանք են։ Թող որոշ մարդիկ Նոստրադամուս «չաշխատեն»։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այն գործիչն է, որ 1994-ի հաղթական հրադադարի պահին ՀՀ պաշտպանության նախարարն էր։ Սերժ Սարգսյանն այն մարդն է, ումից վախենում եւ զգուշանում էր Իլհամ Ալիեւի հայր Հեյդարը։ Ես Սերժ Սարգսյանին ճանաչել եմ դեռ 1989-ից, երբ նա դեռ շարքային էր, ես դեռ 1989-ից գիտեմ այդ մարդու նվիրվածությունը հայ ազգին, Արցախին, արցախցուն, հայոց պետությանն ու պետականությանը: Սերժ Սարգսյանը բոլորիցս լավ գիտի, թե ինքն ինչ կարգավիճակում, որ պահին, որտեղ առավել պիտանի կլինի հայ ազգին, Հայաստան պետությանը, Արցախ պետությանը։ [b]Զրուցեց ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ [/b]

Նմանատիպ նյութեր