211652_close_icon
views-count930 դիտում article-date 22:19 09-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Շիրազի պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ֆարուխզադեի գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Երևան են ժամանել «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երևանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին` քաղաքապետը կարևորել է նաև քաղաքի զարգացմանն ուղղված նոր մոտեցումներն ու իրականացվող ծրագրերը: Հատկանշելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` Տարոն Մարգարյանն առանձնացրել է համագործակցությունը հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների միջև: «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից: Մենք բաց և պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության համար և համոզված եմ, որ Երևանի և Շիրազի միջև ևս առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը պարզապես մենք պետք է տեղափոխենք գործնական փուլ»,- ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Շիրազի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ֆարուխզադեն իր հերթին նկատել է, որ, որպես հին մշակույթ ունեցող քաղաքներ, Երևանը և Շիրազը կարող են առավել ընդլայնել հարաբերություններն ու համատեղ ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում: «Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է Երևանում գտնվելը, և ես համոզված եմ, որ Երևանն ու Շիրազն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար: Վստահեցնում եմ Ձեզ, որ մեր լիազորությունների շրջանակում կանենք հնարավորը՝ երկուստեք կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ», - ընդգծել է Մոհամմադ Ֆարուխզադեն:

Նմանատիպ նյութեր