211652_close_icon
views-count858 դիտում article-date 22:07 09-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ղազվին քաղաքի պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին քաղաքի փոխնահանգապետ Այուբ Ռահիմիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար և առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը` ընդգծել է, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ` արդյունավետ: «Նախորդ տարի այս օրերին Երևանի և Ղազվինի միջև ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում էլ այսօր զարգանում է երկուստեք գործակցությունը: Հարկ է նկատել, որ երկկողմ շփումները երկու ժողովուրդների միջև կարևոր են նաև միմյանց ճանաչելու, ազգային ավանդույթներին և մշակույթին հաղորդակից դառնալու տեսանկյունից: Մենք մեր լիազորությունների շրջանակում պետք է էլ ավելի ընդլայնենք համագործակցությունը` ի բարօրություն մեր քաղաքների բնակչության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքի օրվա առթիվ շնորհավորելով Երևանի քաղաքապետին` Այուբ Ռահիմին իր հերթին վստահեցրել է, որ կարվի հնարավորը` Երևանի ու Ղազվինի միջև կապերի ամրապնդման ու խորացման ուղղությամբ: «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է ու մենք մեր լիազորությունների շրջանակում անում ենք ամեն ինչ, որպեսզի երկուստեք կապերն էլ ավելի ամրապնդվեն ու խորանան: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է այս օրերին գտնվել Երևանում և, օգտվելով առիթից, ի դեմս Ձեզ, շնորհավորում եմ բոլոր երևանցիներին՝ քաղաքի օրվա առթիվ», - նշել է փոխնահանգապետը:

Նմանատիպ նյութեր