211652_close_icon
views-count1101 դիտում article-date 20:14 09-10-2015

ՄԱԿ-ի` կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի այլընտրանքային զեկույցի հանրային քննարկում` Երևանում

ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թվականին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցի նախագիծն այսօր ներկայացվել է հանրային քննարկման Երևանում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը: Դեսպան Մաթիաս Քիսլերի կարծիքով՝ ոչ միայն կինը պետք է պայքարի իր իրավունքների համար, այլ նաև պետք է հասարակությունը քայլեր ձեռնարկի կանանց իրավունքների պաշտպանության համար: Իր ողջույնի խոսքով Կարեն Զադոյանը հիշեց Մահաթմա Գանդին, ով ասում էր, թե Հնդկաստանի փրկությունը կանանց ձեռքերում է, որը պետք է իրականացվի կանանց այնպիսի հատկանիշների շնորհիվ, ինչպիսիք են անձնազոհությունը և լուսավորությունը. «Այսօր ես ցանկանում եմ այն բերել Հայաստան, մեր երկրի լավ տեսլականը պետք է լինի կանանց ձեռքերում, որովհետև նրանք նվիրված են, անձնազոհ են ու լուսավորում են ամեն ինչ՝ իրենց կողքին»: Հանրային քննարկմանը մասնակցում էին իրավաբաններ, փաստաբաններ, ՔՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչներ: Նշենք, որ համանման հանրային քննարկումներ անցկացվել են նաև ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Զեկույցը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում: Այն նախատեսվում է վերջնակացնել հանրային քննարկումների արդյունքում և ներկայացնել ՀՀ պատկան մարմիններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1991թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո առաջիններից էր, որ ըստ միջազգային օրենքի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը: Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ հաստատվեցին 1992 թ. հունվարի 31-ին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:

Նմանատիպ նյութեր