211652_close_icon
views-count3103 դիտում article-date 17:34 11-09-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ

Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին այցելել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ, ծանոթացել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր լաբորատորիաների ու արվեստանոցների պայմաններին: Ներկաներին նախ ներկայացվել է Trimble UX5 անօդաչու սարքը, որը համալսարանը վերջերս է ձեռք բերել: Նշվել է, որ սարքը նախատեսված է օդային տվյալների և նկարների արագ ու անվտանգ հավաքագրման համար: Այն հնարավորություն է ընձեռում բարձր մակարդակով կազմակերպել ուսումնադասախոսական պրոցեսները, որի ընթացքում ուսանողը հնարավորություն է ունենում կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների կիրառման միջոցով: Սարքավորումը կօգտագործվի տարածքների մոնիթորինգի, քարտեզագրման, հնագիտական պեղումների հանութագրման, շինարարության հետազննման և այլ ոլորտներում: Նշվել է նաև, որ սարքի հետ օգտագործվող ծրագրային փաթեթը հնարավորություն է տալիս ստեղծել եռաչափ քարտեզներ, որոնք կարող են օգտագործվել՝ ծավալների որոշման, հողային աշխատանքների պլանավորման, գծային օբյեկտների հանութագրման և մի շարք այլ գործողությունների իրականացման համար։ Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նախարար Արմեն Աշոտյանը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել են բուհում: Ներկայացնելով համալսարանում երկու փուլով իրականացված աշխատանքների մանրամասները՝ Գագիկ Գալստյանը նշել է, որ հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ արդիականացվել են բոլոր ենթակառուցվածքները, ներդրվել է նոր գույք և անհրաժեշտ բոլոր սարքավորումները, ձևավորվել են քանդակի և դիզայնի նոր արվեստանոցներ, կառուցվել են քիմիայի և նյութերի դիմադրության նոր լաբորատորիաներ՝ հագեցած բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, նաև՝ կից նոր լսարաններով։ Ռեկտորի խոսքով աշխատանքներն իրականացվել են «Ճարտարապետության և շինարարության կրթության աջակցության» հիմնադրամի, կառավարության, Համաշխարհային բանկի, շինարարների միության անդամ կազմակերպությունների աջակցությամբ։ Առանձնակի կարևորելով համալսարանում իրականացված լայնածավալ աշխատանքներն ու նորագույն տեխնոլոգիաներով ապահովված նոր լաբորատորիաների ու արվեստանոցների ստեղծումը՝ Երևանի քաղաքապետ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն շատ կարևոր դերակատարում կունենա ուսանողների կրթությունն առավել մատչելի ու հագեցած դարձնելու հարցում: Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել հնարավորը՝ բուհի առջև ծառացած խնդիրների լուծման և ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր