211652_close_icon
views-count1151 դիտում article-date 17:00 30-08-2015

ՀՀ մշակույթի նախարարը աշխատանքային այց է կատարել Դիլիջան

Ս. թ. օգոստոսի 27-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Աշխատանքային շրջայցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ Դիլիջանի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկանալ, թե արվեստի օջախներն իրենց գործունեության ընթացքում ինչ խնդիրների են առնչվում: Հասմիկ Պողոսյանն այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որը հետաքրքիր նախապատմություն ունի: Հայաստանում առաջին հնագիտական հայտնագործությունները կատարվել են Դիլիջանում՝ Րեդկին կոչվող վայրում, 1850-ական թվականներին: Տեղանքը կրում է ճանապարհաշինարար ինժեներ Րեդկինի անունը, որն աշխատանքի բերումով ճամբարել է Դիլիջանի մոտակայքում՝ Աղստև գետի աջ ափին: Եվ պատահական չէ, որ հնագիտական հարուստ ավանդույթներ ունեցող Դիլիջանում մասնագիտությամբ մանկավարժ Եղիշե Հովսեփյանը 1950 թ. հիմնադրել է երկրագիտական թանգարանը: 2005 թ. Դիլիջան քաղաքի ֆինանսավորմամբ կառուցվել է թանգարանի նոր շենքը: Այստեղ հիմնականում պահպանվում են հազվագյուտ նկարներ՝ Հովհ. Այվազովսկու, Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Էդ. Շահինի, Լ. Լագորիոյի, Գրյոզի կտավները, ինչպես նաև 16-18-րդ դարերի եվրոպացի գեղանկարիչների աշխատանքներ: Թանգարանի հնագիտական բաժինն ամբողջական պատկերացում է տալիս Դիլիջանի տարածաշրջանի պատմության, հուշարձանների, տեղաբնակների պատմագիտական զարգացման, նրանց կենցաղավարության, նյութական մշակույթի, պատմաաշխարհագրական պայմանների մասին: Թանգարանի տնօերն Ղազար Ղազարյանը, շեշտելով կտավների վերականգնման և ֆոնդապահների վերապատրաստման հարցում նախարարության ցուցաբերած աջակցությունը, բարձրացրեց այդ գործընթացի շարունակականության հարցը: Նախարարը խոստացավ ընթացք տալ խնդրին: Նա նաև առաջարկեց հնագիտական հարուստ նյութի վրա հիմնվելով՝ երկրագիտական թանգարանն ապագայում առանձնացնել պատկերասրահից, ինչը մշակութային երկու հաստատություններին հնարավորություն կտա ավելի ընդլայնվել: Նախարարն առաջարկեց ստեղծել էլեկտրոնային և տպագիր կատալոգներ, որոնք արվեստասեր հանրությանը և զբոսաշրջիկներին հանգամանորեն կծանոթացնեն բոլոր ցուցանմուշների հետ: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի ազգային պատկերասրահի վրա պարտավորություն կդրվի ավելի մեծ ուշադրություն դարձնել Դիլիջանի թանգարան-պատկերասրահին, ցուցաբերել մասնագիտական օժանդակություն, կազմակերպել ցուցահանդեսներ, վերապատրաստել մասնագետներ: Նախարարը Դիլիջանի քաղաքային իշխանությունների և մարզի ղեկավարության հետ քննարկեց մշակութային այս օջախի գործառույթները տարանջատելու՝ երկրագիտական թանգարանը պատկերասրահից առանձնացնելու հարցը, որի լուծումը ենթադրում է, որ տարածաշրջանում հնագիտական առաջին ուսումնասիրությունների բնօրրան Դիլիջանն իր պատմամշակութային հարստությունը ցուցադրելու ավելի մեծ հնարավորություն կունենա: Հասմիկ Պողոսյանն այնուհետև այցելեց Երևանի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնի մասնաճյուղ հանդիսացող Դիլիջանի թանգարան, որի 9 ցուցասրահներում ներկայացված է ավելի քան 500 ցուցանմուշ՝ ժամանակակից հայ ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական իրեր: Թանգարանն ի սկզբանե եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի առանձնատունը, որը Հովհաննես Շարամբեյանը հետագայում վերածել է ժողարվեստի թանգարանի: Նախարարը հանգամանորեն հետաքրքրվեց թանգարանի վերանորոգման, տեխնիկական վերազինման, ցուցասրահների բարեկարգման խնդիրներով և առաջնահերթ նշանակություն տվեց ժողովրդական արվեստի թանգարանի՝ առավել քայքայված հատվածների վերականգնմանը: Նախարարը հավաստիացրեց, որ մոտ օրերս մշակույթի նախարարության մասնագետները կայցելեն Դիլիջան՝ տեղում նախանշելու ժողարվեստի թանգարանի մասնակի վերականգնման նախագծի դրույթները:

Նմանատիպ նյութեր