211652_close_icon
views-count9240 դիտում article-date 13:35 18-08-2015

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը ցավակցում է

Օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվում, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում` «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնում մեկ մարտական հաշվարկ և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար: Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվում, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Անիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ` 1963 թ. ծնված Կարապետ Այվազյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին ՀՓՋ հրամանատարը մահանում է: Կարապետ Արամայիսի Այվազյանը ծնվել է 20.10.1963թ. ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, ծառայողի ընտանիքում: 1971-1981թթ. սովորել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցում: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1991թթ. սովորել և ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի նախնական զինվորական ուսուցման և ֆիզկուլտուրայի ֆակուլտետը: 1991-1997թթ. աշխատել է Լանջիկի միջնակարգ դպրոցում` որպես նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: 1997-2004թթ. եղել է Անիի տարածքային զինվորական կոմիսարիատի զինվորական սեղանի պետը: 1992թ. մայիսից մինչև 1994թ. «Չաուշ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: (15.05-15.06.1992թ. Տավուշի շրջանի Մովսես գյուղում, 20.06-17.07.1992թ. Լաչինում, 10.06-25.09.1992թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում, 30.08-15.09.1992թ. Կարմիրի շրջանի Վահան գյուղում, 01.04-20.04.1993թ. ԼՂՀ Ստեփանակերտի հետախուզական վաշտում, 22.01-22.04.1994թ. ԼՂՀ, Աղդամում): 2004 թվականից եղել է ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի ՄՓՎ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: Կարապետ Այվազյանն ամուսնացած էր և ուներ երկու որդի: Անիի ՀՓՋ հրամանատարը փորձառու փրկարար էր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված բարձր պատասխանատվության զգացումով: Գործընկերների խոսքերով` հերոսություն ասվածը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականություն: Հրամանատարն առաջինն էր օգնության ձեռք մեկնում բոլորին և ամեն հարցում առանց խտրականության: Աշխատանքային վերջին օրն էլ, գիտակցելով մեծ խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի բարդությունը, նա դեպքի վայր է կանչում նաև հերթափոխից ազատ անձնակազմին ու անձամբ մեկնում հրդեհաշիջման: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը խոր վշտով ցավակցում է Կ. Այվազյանի հարազատներին և գործընկերներին:

Նմանատիպ նյութեր