211652_close_icon
views-count31350 դիտում article-date 12:52 18-08-2015

27-ամյա վարորդը Mercedes-ով Դիլիջանի ոլորանում մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. նրան ու 6 ուղևորներին փրկել է հաստաբուն ծառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Միրաքյանը իր վարած Mercedes Vito մակնիշի 95 AC 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի «Արջի հատվածի» ոլորանում ճանապարհի սահքի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և 5 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայից դուրս են բերվել այնտեղ գտնվող Իգոր, Գայանե և Տիգրան Բրուտյանները, Արթուր, Կարինե, Լաուրա Բաղրամյանները և վարորդը՝ Ա. Միրաքյանը: Մեքենայից դուրս բերված բոլոր քաղաքացիները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Դիլիջանի շտապ օգնության բրիգադների հետ գործել են օպերատիվ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել և տեղում քննչական աշխատանքներն է ղեկավարել քննիչ Ռուբեն Մարտիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորակից և տեղափոխվել ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մինչ տեղափոխելը հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը: Ժամանել էր նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, 5 հոգի արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 2-ը մի քանի ժամ կմնան բժիշկների հսկողության տակ: Եթե ձորակում չլիներ հաստաբուն ծառը, ապա ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ կգահավիժեր ու կհայտնվեր ներքևի ոլորանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր