211652_close_icon
views-count2086 դիտում article-date 09:37 05-08-2015

ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի արցախյան ենթախմբերի մրցումների բացման արարողությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի արցախյան ենթախմբերի մրցումների բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը խորհրդարանի նախագահը հանդես է եկել ելույթով: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքը Համահայկական ամառային վեցերորդ խաղերի արցախյանենթախմբերիմրցումների բացման առթիվ Համահայկական խաղերի մասնակից սիրելի մարզիկներ եւ մարզիչներ, Տիկնայք եւ պարոնայք, Արցախի Հանրապետության իշխանությունների անունից ողջունում եմ բոլորիդ՝ 6-րդ համահայկական ամառային խաղերի մասնակիցներին եւ այսօրվա միջոցառմանը ներկա մեր հայրենակիցներին: Այսօր թերեւս պատմական օր է, քանի որ համահայկական խաղերի տարեգրության ընթացքում առաջին անգամ դրանց մի մասը, մասնավորապես ֆուտբոլի եւ վոլեյբոլի մրցումները, անց են կացվում Արցախում: Խորհրդանշական է նաեւ այն փաստը, որ խաղերի ջահն այս տարի վառվեց մայիսյան եռատոնի նախօրեին հաղթական Շուշիում եւ անցնելով Արցախի ու Հայաստանի քաղաքներով, աշխարհի հայաշատ այլ վայրերով, հասել ու միախառնվել է մյուս ջահերին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում եւ երկու օր առաջ մայրաքաղաք Երեւանում բոցավառվելով` ազդարարել է հերթական համազգային միջոցառման մեկնարկը: Համահայկական խաղերի անցկացումն իսկական տոնախմբություն է, քանզի դրանք մեզ սովորեցնում են միասին տոնել հաղթանակներ: Մեր միջոցառումը տեղի է ունենում հերոսական Ասկերան քաղաքի նորակառույց մարզադաշտում եւ այս կետից մինչեւ Արցախի սահմանը մի քանի տասնյակ կիլոմետր է ընդամենը: Այդ սահմանում մեր Հայրենիքի տարբեր ծագերից հազարավոր երիտասարդներ ամեն օր սխրանքներ են գործում՝ ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունն ու համազգային ծրագրեր իրականացնելու մեր հնարավորությունները: Այն իրողությունը, որ 6-րդ համահայկական խաղերի քաղաքների աշխարագրությունն ու մասնակիցների թիվը նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճ է արձանագրել, վկայում է այն մասին, որ նախագիծը 16 տարիների ընթացքում ոչ միայն կայացել է, այլեւ կատարում է կարեւոր առաքելություն. նախ նպաստում է երկրի սպորտային կյանքի ակտիվացմանը եւ հետո՝ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների միջեւ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Սիրելի մարզիկներ, Ձեզանից յուրաքանչյուրն ուժեղ է, սակայն թիմով դուք լրացնում եք մեկմեկու, իսկ հավաքական կազմով, այսինքն՝ միասին, դուք անպարտելի եք: Համոզված եմ, որ 6-րդ համահայկական խաղերի ավարտին մենք սպորտային նվաճումներից բացի ունենալու ենք շոշափելի այլ ձեռքբերումներ նույնպես: Մաղթում եմ ձեզ հաղթանակներ եւ նորանոր հաջողություններ: Իմացե՛ք, հայրենիքում եւ նրա այս չքնաղ հատվածում՝ Արցախում, ձեզ միշտ սպասում են: Եկե՛ք ընկերներով, եկե՛ք ընտանիքներով, կապվե՛ք ձեր հող ու ջրին եւ այդժամ կտեսնեք, որ ազգովի մենք անպարտելի ենք: Բարի երթ ու հաղթական ընթացք՝ համահայկական խաղերին: Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ եւ 6-րդ համահայկական ամառային խաղերի արցախյան ենթախմբերի մրցումները հայտարարում եմ բացված: Շնորհակալություն:

Նմանատիպ նյութեր