211652_close_icon
views-count1374 դիտում article-date 20:49 31-07-2015

Համահայկական խաղերից մեր ակնկալիքը մարզական մեծ տոն ունենալն է. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի գլխավոր մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաքական թիմին մաղթել է արդար մրցակցություն և մարզական հաջողություններ: «Համահայկական խաղերի առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր թիմերն էլ հայկական են ու մրցակցությունն էլ, որքան էլ որ մրցակցություն, այնուամենայնիվ նախ բարեկամական է: Ու մեծ հաշվով բոլորիս ակնկալիքն այն է, որ ունենանք մարզական մեծ տոն, ինչը, համոզված եմ, այդպես էլ կլինի: Որպես տանտեր, անշուշտ, պետք է պատշաճ հյուրընկալենք մայրաքաղաք այցելած մեր բոլոր հյուրերին, բայց և պետք է անենք հնարավորը, որպեսզի Երևանի թիմը, ինչպես միշտ, ապահովի փայլուն մասնակցություն, նվաճի հաղթանակներ ու հերթական անգամ բարձր պահի Երևանի մարզական պատիվը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետին ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ Երևանի մարզական պատվիրակությունը կազմված է շուրջ 500 մասնակիցներից և միակն է, որ մասնակցության հայտ է ներկայացրել խաղերի բոլոր 17 մարզաձևերի կանանց ու տղամարդկանց 31 մրցաշարերին: Նաև նշվել է, որ մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար քաղաքապետարանն ապահովել է մարզվելու և հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ինչի համար Երևանի հավաքական թիմի մարզիչներն իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին: Նրանք նաև հատկանշել են, որ հատկապես վերջին տարիներին ոլորտի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը խիստ ոգևորիչ է և լրացուցիչ ուժ է տալիս՝ ապահովելու նորանոր հաղթանակներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, և Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր