211652_close_icon
views-count34792 դիտում article-date 20:07 22-07-2015

«Ավելի լավ ա՝ հարսանիքիս գումարը տամ մանկատան, մեղրամսի էլ չգնամ». Գագիկ Շամշյան

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տանը «բռնացնելը» հեշտ չէր, սակայն BlogNews.am-ին հաջողվեց, ի վերջո, հյուրընկալվել Շամշյանի տանն ու ֆոտոռեպորտաժ անել այնտեղից։ Մեզ դիմավորելուց հետո Շամշյանն ասաց, որ նախ պետք է սափրվի, հետո նկարվի, մենք էլ նրան ֆիքսեցինք լվացվելիս:) Շամշյանի տանն ամեն ինչ «շամշյանական» էր:) Օրինակ՝ իր աջակցությամբ հրատարակված «Վահան Տերյան. անտիպ և անհայտ Էջեր» գիրքը հանեց հյուրասենյակում դրված սառնարանի միջից:) Նա ոգևորությամբ պատմեց, որ պատրաստվում է ևս մի գիրք հրատարակել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին: [b]-Ձեր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ օրվա ընթացքում նեգատիվ բնույթի շատ տեղեկություններ եք ստանում։ Չե՞ք հոգնում նեգատիվի այդ չափաբաժնից:[/b] -Եթե սիրում ես աշխատանքդ, ղեկավարությունդ գնահատում ա այն, ինչ բնագավառում էլ լինի, չես հոգնում։ Իսկ նեգատիվից ոչ միայն ես եմ հոգնում, այլև ընթերցողն ու հեռուստադիտողը։ Ինձ թվում ա՝ դրանից հոգնում են նաև հենց նեգատիվ կատարողները, թեև կարմիր կովն իր կաշին չի փոխում: [b]-Անընդհատ ողբերգական պատահարների կիզակետում լինելը չի՞ ազդում Ձեր հոգեվիճակի, տրամադրության վրա:[/b] -Առաջ ազդում էր, հիմա՝ ոչ։ Ինձ պահում ա «Հայր մերը», ողբերգական դեպքերի նկարահանումների ժամանակ իմ մեջ «Հայր մերն» եմ ասում, հոգևոր մի երգ կա, դա եմ երգում, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն եմ լսում։ Երուսաղեմից՝ Հիսուսի գերեզմանից, մոմեր եմ բերել. երբ ողբերգական դեպքեր են լինում, գալիս եմ տուն և վառում մահացածների հոգու հանգստության համար: [b]-Շատերը Ձեզ բնորոշում են որպես քարե մարդ՝ հաշվի առնելով, որ Ձեր առօրյան ողողված է այդ ողբերգական դեպքերով:[/b] -Ես չեմ կիսում այդ միտքը։ Ես չեմ համարում, որ իմ սիրտը քարից է։ Նման դեպքերում հիշում եմ հայ տաղանդավոր դերասան, կատակերգու Կարպ Խաչվանքյանին, ում մի անգամ հարցրել էին՝ ինչպե՞ս ես քեզ զգում, ասել էր՝ «Նոյան տապանս ցավում է»՝ նկատի ունենալով իր սիրտը։ Իմ «տապանն» էլ ա ցավում։ Ես համարում եմ, որ քարի սիրտ ունի այն պաշտոնյան, ով անտարբերությամբ ա վերաբերվում իրեն դիմած սոցիալական խնդիրերով մարդուն: [b]-Դուք մեքենա վարո՞ւմ եք:[/b] -Ոչ, կան տաքսի ծառայություններ, որոնց հետ խմբագրությունը պայմանագիր ունի, վարորդներ, որոնց ծառայությունից օգտվում եմ։ Ես մեքենա վարել չգիտեմ ու չեմ էլ սիրում: Դա գալիս է մանկատնից։ Երբ մանկատանը Պարույր Սևակ էինք անցնում, իմ հայոց լեզվի դասատուն՝ Դոխոյան Մայան, ներկայացնում էր Սևակի կյանքն ու գործունեությունն ու ասում, որ Սևակն ավտովթարից է մահացել։ Քանի որ շատ էի սիրում Սևակ, Չարենց, Տերյան, Շիրազ, իմ մեջ այնքան տպավորվեց դա, որ մինչև հիմա մեքենա վարել չեմ սիրում: Նաև՝ սիրում եմ քայլել, առավոտյան 7-7։30 տանից դուրս եմ գալիս, հաճախ քայլում եմ մինչև Օպերա (նա ապրում է Կոմիտասում, Ա.Հ.), այդ ընթացքում մարդիկ են մոտենում, ասում՝ այս կամ այն բանն ա եղել, ինֆորմացիա եմ ստանում, կադրեր եմ տեսնում: [b]-Մանկատունը բավականին խորը հետք է թողնում սաների վրա...[/b] (Ընդհատում է) – Մանկատան թեման ինձ համար ամենացավոտն ա։ Ես միշտ ասում եմ՝ ապօրինի երեխաներ չեն լինում, լինում են ապօրինի ծնողներ: Սակայն ես նաև գոհ եմ մանկատան շատ դասատուներից։ Ճիշտ ա, նրանք խստապահանջ էին, սակայն նրանց շնորհիվ ես հասա այս կետին: Գավառի մանկատան տնօրենը՝ Նիկոլայ Նալբանդյանը, Սևակի ասած՝ մեծատառով մարդ ա։ Դա վերաբերում ա նաև Դոխոյան Մայային, Միրաքյան Լուսիային։ Շատ լավ դասատուներ եմ ունեցել: [b]-Հիմա վերադառնո՞ւմ եք մանկատուն, թե՞ նախընտրում եք չհիշել այդ տարիները:[/b] -Չէ, գնում եմ։ Մանկատունն ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր, թեև կուզեի, որ մանկատներ առհասարակ չլինեին: [b]- Կխոսե՞ք Ձեզ վրա թողած վատ հետքերի մասին:[/b] -Կյանքում չեմ մոռանա... ֆիզկուլտի դասատու ունեինք՝ Մկրտչյան Վարազդատ, ահավոր վատ մարդ էր։ Ամեն տարի մանկատանը հանդեսներ էին լինում, Լենինի ծնունդի օրը ևս պետք ա հանդես լիներ, նա ինձ տվեց Լենինի մասին ոտանավոր, չկարողացա անգիր անել, հանդեսի ժամանակ 2 բառ ասացի ու չկարողացա շարունակել, ասացի՝ ես չեմ հասկանում՝ սա ինչ ա... Էդ Մկրտչյանն ինձ էնպես ծեծեց... ասում էր՝ դու չե՞ս կարողանում անգիր անել ընկեր Լենինի մասին բանաստեղծությունը։ Տո ընկեր Լենինն էլ մեռնի, դու էլ մեռնես... Ես շա՞տ եմ իմանում՝ ընկեր Լենինն ով ա։ Նման դեպքերը շատ են, շատ դաժան է եղել, բայց դասատուներ էլ կային, որ ծնողից ավելի բարի են եղել: Մանրամասները՝ [url=http://blognews.am/arm/news/288537/gagik-shamshyan-aveli-lav-a-harsaniqis-gumary-tam-mankatan-mexramsi-el-chgnam.html]այստեղ[/url]: Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր