211652_close_icon
views-count631 դիտում article-date 22:22 30-05-2015

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին առաջին հուշարձանն է բացվել Շվեդիայում

Մայիսի 29-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է Շվեդիայում, որը բացվեց Օրեբրոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միջհամայնքային հանձնախմբի՝ քաղաքային իշխանություններին ուղղված առաջարկով։ Հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։ Միջոցառմանը մասնակցել են նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ և ասորական համայնքների անդամներ, հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Բացման արարողությանը ելույթներով ներկայացել են Շվեդիայում գտնվող Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրամ 2-րդը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնը, քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմը։ Դեսպան Ապիտոնյանն անդրադարձել է նման հուշարձանների բացման կարևորությանը` որպես անմեղ զոհերի հավերժ հիշատակի խորհրդանիշ՝ համոզմունք հայտնելով, որ այն, դառնալով տեղի հայ, ասորի և հույն համայնքների համար կարևոր սրբատեղի, կվերածվի նաև Օրեբրոյի բնակչության միասնականության և փոխադարձ հարգանքի կենտրոնի։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ թուրքական հասարակությունում սկիզբ առած ճանաչման գործընթացը կշարունակի զորանալ, և հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ներկայացուցիչը նույն հարթակի վրա հանդես կգա 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունների ժամանակ։

Նմանատիպ նյութեր