211652_close_icon
views-count823 դիտում article-date 23:33 29-05-2015

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացում Շվեդիայի Օրեբրո քաղաքում

Մայիսի 29-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է Շվեդիայում, որը բացվեց քաղաքային իշխանությունների կողմից Օրեբրոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միջհամայնքային հանձնախմբի առաջարկության հիման վրա։ Հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։ Միջոցառմանը մասնակցում էին նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ և ասորական համայնքների անդամներ։ Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան այցով Շվեդիայում գտնվող Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրամ 2-րդը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնը, քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմը։ Իր ելույթում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ նման հուշարձանների բացման կարևորությանը` որպես անմեղ զոհերի հավերժ հիշատակի խորհրդանիշ՝ համոզմունք հայտնելով, որ այն, դառնալով տեղի հայ, ասորի և հույն համայնքների համար կարևոր սրբատեղի, կվերածվի նաև Օրեբրոյի բնակչության միասնականության և փոխադարձ հարգանքի կենտրոնի։ Դեսպանը նաև հույս հայտնեց, որ թուրքական հասարակությունում սկիզբ առած ճանաչման գործընթացը կշարունակի զորանալ, և հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ներկայացուցիչը նույն հարթակի վրա հանդես կգա 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունների ժամանակ։

Նմանատիպ նյութեր