211652_close_icon
views-count353 դիտում article-date 22:29 29-05-2015

Հանրապետության տոնին նվիրված միջոցառում՝ Վիեննայում

Մայիսի 28-ին Վիեննայի «Kempinski» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Արարատ» կոնյակի համտեսի միջոցառում` կազմակերպված Ավստրիայում ՀՀ դեսպանության և «ԱՐԱՐԱՏ» Երևանի կոնյակի գործարանի կողմից: Կազմակերպչական և մասնագիտական շրջանների ներկայության ապահովման հարցերում հայկական կողմին իր օժանդակությունը բերեց Ավստրիայում «Պերնո Ռիկար» ընկերության ներկայացուցչությունը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Իր ելույթում դեսպանը նշեց, որ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը 1918թ. հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է, երբ բազմադարյան անկախության կորստից հետո վերականգնվեց ազգային պետականությունը: Նա նաև հույս հայտնեց, որ նման միջոցառումների կազմակերպումը խրախուսելու և նպաստելու է հայկական արտադրատեսականու արտահանմանն ու շուկաների ընդլայնմանը: Ներկաներին ողջունեցին «ԱՐԱՐԱՏ» Երևանի կոնյակի գործարանի և «Պերնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչները: Այնուհետև գործարանի աշխատակցուհին ներկայացրեց Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման և զարգացման պատմությունը, ներկա արտադրատեսականին, ինչպես նաև արարողության մասնակիցներին ծանոթացրեց համտեսի մասնագիտական նրբություններին: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես արտաքին գերատեսչության, առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության և վաճառքի կազմակերպման հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ: Ներկաները բարձր գնահատեցին հայկական կոնյակի համային և որակական հատկանիշները:

Նմանատիպ նյութեր