211652_close_icon
views-count1056 դիտում article-date 21:37 29-05-2015

Համատեղ նիստ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղ է ունեցել համատեղ նիստ, որին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստին ներկա են գտնվել նաև Խաղերի օրակարգում ընդգրկված 17 մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներն, ինչպես նաև Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպման և անցկացման համար ձևավորված հանձնաժողովների ղեկավարները: Գաբրիել Ղազարյանը ողջունել է ներկաներին և ասել, որ այսօր ներկա են մարզական երեք կարևոր կառույցների ղեկավարները: Նախարարը նշել է, որ խաղերի կազմակերպման և անցկացման համար ձևավորվել է կառավարական կազմկոմիտե, որում ընդգրկված են 30 գերատեսչություններ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեում ստեղծվել է նաև 12 հանձնաժողով, որոնց ղեկավարներին և աշխատանքների ոլորտները ներկայացրել է նախարար Ղազարյանը: «Համահայկական խաղերը ապացուցում են սպորտի համախմբող ուժը, քանզի այս խաղերը մեկտեղում են ողջ հայությանը` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Խաղերը, մարզական մրցակցությունից և տարբեր մարզաձևում ուժերը չափելուց բացի, մասնակիցներին տալիս է նաև լավ հնարավորություն ձեռք բերել նոր ընկերներ»,- ասել է նախարարը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և ՀԱՕԿ-ին խաղերի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար: Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: «Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Այս պահի դրությամբ միայն Սփյուռքից արդեն կա 4000 մասնակցի հայտ», - նշել է ՀԽՀԿ նախագահը: Ելույթ է ունեցել նաև ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը, որը ողջունելով համահայկական խաղերի անցկացման գաղափարը նկատել է, որ խաղերը անցկացվում են արդեն վեցերորդ անգամ և կազմակերպիչները ունեն խաղերի անցկացման լավագույն փորձը: «ՀԱՕԿ –ը շարունակելու է իր աջակցությունը խաղերի կազմակերպման և հաջող անցկացման գործում: Բազմիցս լինելով արտերկրում ես զգացել եմ, թե որքան կարևոր է հայ երիտասարդների կապը հայրենիքի հետ և այսօր այդ կապը իրագործվում է համահայկական խաղերի միջոցով»,- ասել է Ծառուկայնը և տեղեկացրել, որ խաղերի կազմակերպման համար “Ծառուկյան բարեգործական հիմնադրամի” կողմից տրամադրելու է 50 մլն ՀՀ դրամ: «Համահայկական խաղերը շատ կարևոր մարզական և պետական միջոցառումներնե են , որոնք ամրապնդում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Առավել քան վստահ եմ, որ մասնկիցները Հայաստանից կմեկնեն լավ տպավորությամբ` նորից հայրենիքի վերադառնալու ցանկությամբ»,- նշել է ՀԱՕԿ նախագահը:

Նմանատիպ նյութեր