211652_close_icon
views-count312 դիտում article-date 10:59 28-05-2015

Շվեյցարիայում ձերբակալվել է FIFA-ի 7 պաշտոնյա

Շվեյցարիայում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է FIFA-ի 7 պաշտոնյա, այդ թվում` փոխնախագահներ Ջեֆրի Ուեբը և Էուխենիո Ֆիգերեդոն: Եվս 5-ին մեղադրանք է ներկայացվել: Ձերբակալվածներին արտահանձնելու են Միացյալ Նահանգներին: Կազմակերպության ներկայիս ղեկավար Յոզեֆ Բլատերը կասկածյաների կամ ձերբակալվածների ցուցակում չկա: Միացյալ Նահանգների արդարադատության հրապարակած փաստաթղթի համաձայն, վերջին 24 տարիների ընթացքում պաշտոնյաները մոտ 150 մլն դոլարի կաշառք են վերցրել և խարդախություններ կատարել: Օրինակ, FIFA-ի փոխնախագահ Ջեք Ուորները և նրա ընտանիքի անդամները մոտ 2 մլն դոլար են ստացել քաթարական մի ընկերությունից, երբ Քաթարը 2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք ստացավ: Բացի դրանից, ձերբակալվածները մեղադրվում են մարքեթինգային գործարքների և ֆուտբոլային մրցաշարերի հեռարձակումների համաձայնագրերի խախտման, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենտը հանձնարարել է արգելափակել նրանց հաշիվները և վերծանել բանկային համապատասխան փաստաթղթերը: Հատկանշական այնն է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններից 2 օր առաջ: FIFA-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու են Հորդանանի արքայազն Ալի բին ալ-Հուսեյնը և կազմակերպության ներկայիս նախագահ Բլատերը, որը գլխավորում է FIFA-ն արդեն 17 տարի: Այսօր Transparency International միջազգային կազմակերպությունը Բլատերին հրաժարական տալու կոչ է արել: Ի դեպ, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վալտեր դե Գրեգորիոն մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է այն տեղեկությունը, թե ընտրությունները կարող են հետաձգվել: Բացի դրանից, նա նշել է, որ FIFA-ն մտադիր չէ փոխելու 2018 և 2022թթ-ի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը:

Նմանատիպ նյութեր