211652_close_icon
views-count29262 դիտում article-date 17:38 18-05-2015

Հայաստանի Ագրարային համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը չեն տեղափոխվելու Գյումրի. կառավարությունը նման մտադրություն չունի. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ նախարարի հետ հարցազրույցից

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված մայիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստում հնչեցված այն հարցի վերաբերյալ, որով առաջարկվել է Երևանը բեռնաթափելու նպատակով Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրի տեղափոխել Երևանում գործող մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում՝ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Հայաստանի Ագրարային համալսարանը և այլն: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Քաղաքաշինության նախարարության [url=http://www.mud.am/am/news/377]պարզաբանումը[/url]. «Սույն թվականի մայիսի 15-ին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը, որի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր: Կոլեգիայի ընթացքում հնչած մասնագիտական առաջարկությունների խեղաթյուրումից, թյուրըմբռնումից և տարատեսակ մեկնաբանությունների արդյունքում դրանք որպես նախարարության պաշտոնական տեսակետ ներկայացնելուց խուսափելու համար քաղաքաշինության նախարարությունը հայտնում է՝ որևէ կոնկրետ ԲՈՒՀ Գյումրի տեղափոխելու պաշտոնական նախագիծ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ծրագրված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ որոշ նախարարություններ և ԲՈՒՀ-եր Գյումրի, Աբովյան և այլ քաղաքներ տեղափոխելու առաջարկությունները վաղուց շրջանառության մեջ են: Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան, որը ներառում է պրոֆեսիոնալների լուրջ կազմ վերջին նիստում քննարկել է Գյումրիի քաղաքաշինական զարգացման վերաբերյալ առաջարկները՝ մարզերի համաչափ զարգացման համատեքստում: Ընդ որում, համանման քննարկումները շարունակական բնույթ են ունենալու՝ ուրվագծելով Հայաստանի տարբեր քաղաքների զարգացման հնարավորությունները: Մասնագետներն ազատ են կոլեգիայի հարթակում իրենց պատկերացումներն ու կարծիքները բարձրաձայնելու, ներկայացնելու վերաբերյալ»: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ոչ կառավարությունը, ոչ նախարարությունը նման հարց չեն քննարկել և մտադրություն էլ չունեն ԲՈՒՀ-երը տեղափոխել Գյումրի. դա ճարտարապետ Մուշեղյանի կարծիք-տեսակետն է, բայց ոչ՝ կառավարության, ոչ ՀՀ Քաղաքաշինության ու ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունների: Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը՝ նախարարի հետ հարցազրույցից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր