211652_close_icon
views-count21840 դիտում article-date 14:43 04-05-2015

Ծեծկռտուք՝ Սյունիքի մարզում. կան վիրավորներ. ոստիկանությունը պարզում է Սյունիքի մարզպետի տղայի մասնակցությունը ծեծկռտուքին

Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանություն հայտնել են, որ աջ աչքի վնասվածքով՝ կոպի պատռվածքով իրենց մոտ է տեղափոխվել Հ. Զաքարյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս: Սակայն ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ Դ. Ղևոնդյանին և վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Հ. Զաքարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երկու կողմից էլ կան վիրավորներ: Էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ է եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը: Ոստիկանությունում պարզում են նաև այդ տեղեկության իսկությունը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր