211652_close_icon
views-count1598 դիտում article-date 22:38 25-04-2015

The Washington Post. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներին ականատես 4 ամերիկացիների արձանագրությունները

The Washington Post-ը հրապարակել է 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների 4 վկաների արձանագրությունները, որոնք նկարագրում են Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած վայրագությունների մանրամասները: Իշաան Թարուրի հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Ինչպես պարզվեց, ԱՄՆ նախագահ Օբաման չգործածեց ցեղասպանություն բառն ապրիլի 24-ին. այս օրը հայտնի է դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներով: Դա այն օրն է, երբ հայ ազգն ու աշխարհասփյուռ հայկական համայնքը հիշատակելու են 100-րդ տարելիցը այն իրադարձության, որը նրանք անդրդելիորեն ցեղասպանություն են համարում: 1915-ի ապրիլին մեկնարկած ցնցումները պատմական անհամաձայնության առիթ են դարձել: Այդ ժամանակ օսմանյան պաշտոնյաները սկզբում հայտարարեցին Ստամբուլի հայ մտավորականների աքսորը, ապա էթնիկ հայերի զանգվածային տեղահանումները ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածում: Սակայն հարցը՝ ինչպես հիշել այն, տասնամյակների բանավեճերի և թշնամանքի առարկա էր: Այն ահռելի միջազգային անհարմարության աղբյուր է: Օբաման միայնակ չէ իր՝ «ցեղասպանություն» բառի խուսափելիության քաղաքականությամբ, նրա շարքերը համալրել են աշխարհի այլ ղեկավարները, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ինչպես նաև Սպիտակ տանը Օբամայի բոլոր նախորդները: Սակայն ժամանակին միջազգային շատ համայնքներ ավելի հաստատակամ էին տեղի ունեցածի վերաբերյալ: Սա հատկապես վերաբերում է ԱՄՆ-ին. Օսմանյան կայսրության ամերիկացիների վկայություններն առաջինն էին արձանագրում 1915 թվականի իրադարձությունները: 1914-1922 թվականներին Օսմանյան կայսրության խմորումները զանգվածային բռնության և կորուստների պատճառ էին ոչ միայն հայկական բնակչության համար: Մոտ 5 միլիոն օսմանյան քաղաքացիներ զոհ են գնացել 8-ամյա ընդհարումների ընթացքում: Ստորև ներկայացնում ենք 4 ամերիկացիների, որոնք ականատես էին փլուզվող Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածին: Բոլոր այս վկայությունները տեղ են գտել Կովկասի և սևծովյան տարածաշրջանի փորձագետ Թոմաս դե Վաալի «Մեծ աղետը. հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերում» գրքում: Հենրի Մորգենթաու. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան: 1915 թվականի հուլիսի 10-ին դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է պետքարտուղար Ռոբերթ Լենսինգին. «Հայերի հալածանքները հասել էին աննախադեպ մասշտաբների: Ամենատարբեր շրջանների արձանագրությունները վկայում են խաղաղ հայ բնակիչներին արմատախիլ անելու համակարգված փորձերի մասին և պատահական ձերբակալությունների, սարսափելի խոշտանգումների և հաճախակի բռնաբարություններով, կողոպուտներով, կոտորածի վերածվող սպանություններով ուղեկցվող տեղահանումների մասին: Մորգենթաուն բացատրել է այդ բռնության ցնցող պատճառները. «Մահմեդական և հայկական բնակչությունը խաղաղ էր ապրում, սակայն Կովկասում շատ հայ կամավորներ են միացել ռուսական բանակին և ներգրավվել հեղափոխական շարժումներում…սարսափելի վրեժ էր առջևում: Տառապողների մեծ մասը անմեղ է՝ հավատարիմ օսմանյան կառավարությանը»: Օսմանցիների ուղղությունները անհավասար էին բաշխված: Որոշ տարածքներում հայերի մեծ մասը կարողացել էր լքել իրենց տներն ու քաղաքները: Այլ մասերում, ինչպես գրում էր Անատոլիայում ամերիկացի հոգևորական Հենրի Ռիգսը, «մարդկանց հազվադեպ էին կենդանի թողնում: Ըստ որոշ արձանագրությունների՝ 12 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչներին համակարգված կերպով սպանում էին»: Ռիգսը հետազոտում էր՝ ինչ էր տեղի ունեցել Անատոլիայից բռնագաղթի ենթարկված, փրկված կանանց և երեխաներին: Նրանց հետևում էին քրդերի խմբերը, կամ էլ բռնությունների էին ենթարկվում ոստիկանների կամ զինվորների կողմից: Բռնաբարություններն ու դաժան վերաբերմունքը տարածված երևույթներ էին: «Բացարձակապես անպաշտպան, այդ դաժան ոստիկանների ողորմությանը թողած՝ կանայք և երեխաներն ուղևորվում էին այնպիսի դաժան պայմաններում, որ շատերը զոհվում էին առաջին մի քանի օրերի ընթացքում»: Մերի Ջեֆրամ. ամերիկացի միսիոներ, որը հայերի ամբոխի հետ լքել էր Անատոլիայի Սեբաստիա քաղաքը: «Ողջ ուղին լի էր կառքերը տանող ցլերով: Ճանապարհին ժամերով չէիր հանդիպի մի կաթիլ ջրի, իսկ արևն անտանելի կիզիչ էր: Ճանապարհին սկսում էին նշմարվել անցած օրվա խմբերի մահացածները: Դաշտերում աշխատող քրդերը շարունակաբար հարձակվում էին մեզ վրա, և մենք գրեթե խելագարվում էինք: Մեր աշակերտները, տղաներն ու աղջիկները իրենց հերոսների պես էին պահում: Մի աղջիկ իր խնամության տակ էր վերցրել մահացած կնոջ երեխային, մեկ այլ աղջիկ խնամում էր մահացող կնոջը»: Ջեսի Ջեքսոն. Հալեպում ԱՄՆ հյուպատոս, 1916-ի սեպտեմբերին դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է սիրիական քաղաքից դուրս տեսած իր վկայությունները, որոնցում կարևոր դեր էր խաղում արշավի ամփոփիչ փուլը: «Մեսքենեի այս մեծ ու մռայլ հարթավայրը տխուր և խղճալի տպավորություն է թողնում: Տեղում ստացված տեղեկությունների համաձայն՝ այնտեղ թաղվել է գրեթե 60.000 հայ՝ սովից, տարբեր տեսակի զրկանքներից, աղիքային հիվանդություններից, որոնք հետագայում հանգեցրել էին տիֆի: Աչքի տեսադաշտը ներառում էր բլրի վրա թաղված 200-300 դիերի… տարբեր ընտանիքներից կանանց, երեխաների և ծերերի»: Ջեքսոնի նկարագրությամբ՝ ողջ մնացած հայերը «կենդանի ուրվականների» էին նմանվում»:

Նմանատիպ նյութեր