211652_close_icon
views-count1084 դիտում article-date 18:56 30-03-2015

ՌԴ պատվիրակության հանդիպումը՝ Շիրակի մարզպետարանում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամների այցը մեկնարկել է Շիրակի մարզպետարանում: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպման ժամանակ ռուսական պատվիրակության անդամներին մի քանի հարցերով է դիմել: Սկզբում անդրադարձ է եղել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տեղեկատվության տրամադրմանը: «Ինձ համար որպես Շիրակի մարզպետ ամենակարևոր խնդիրը անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրումն է, հասարակության պահանջն էլ նույնն է` գործի մասին մանրամասներ իմանալ: Մեզ դիմում են Ավետիսյանների հարազատները` տարատեսակ հարցերով, որոնց պատասխանը մենք չունենք, այն տեղեկատվությունը, որի գաղտնիությունը պարտադիր չէ` գործի բացահայտման շահերից դուրս գալով, կարելի է տրամադրել»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակին, նշելով, որ այժմ Գյումրիում հակառուսական որևէ տրամադրվածություն չկա: «Մեզ հետաքրքրում է նաև այն հանգամանքը, թե ինչ է տեղի ունեցել ռազմաբազայում, խոսքս ներքին կադրային փոփոխությունների, գործի առնչությամբ պատասխանատվության ենթարկվածների մասին է, տեղեկատվություն, մեծ հաշվով, հասարակությունը այս ամենի վերաբերյալ չունի»,- ընդգծել է մարզպետը: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին նշել է, որ համաձայն է Շիրակի մարզպետի հետ, այն մասով, որ թույլատրելի տեղեկատվության տրամադրումը կարևոր պայման է, իրենք այս հարցում առավել հետևողական են լինելու: Նա ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանականներից ձևավորված աշխատանքային խումբը ոճրագործության առաջին իսկ օրերից աշխատել է իրավիճակում ճիշտ քայլեր ձեռնարկելու առնչությամբ: «Մենք վստահ ենք, որ դուք միայն կարևոր խնդիրների մասին եք բարձրաձայնում, հասկանում եք գործի նրբությունները, հավատացեք մեզ համար ևս այս ցավալի դեպքը մեծ ողբերգություն է, որի մասին ոչ միայն մենք, այլ մեր սերունդները չեն մոռանալու: Ես կուզենամ վստահեցնել, որ այս գործի բացահայտմամբ առանձնակի շահագրգռվածություն ունի նաև ռուսական կողմը: Անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին են գործի մանրամասները զեկուցվում»,-ասել է Լեոնիդ Սլուցկին: ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Օլեգ Լեբեդեւը մարզպետին տեղեկացրել է, որ 102-րդ ռազամաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նոր հրամանատար է նշանակվել: Օլեգ Լեբեդեւը խոսել է նաև Ավետիսյանների գործի մասին ընդգծելով, որ այն բավական ծավալուն աշխատանք է պահանջում: Մինչ օրս հարցաքննվել է գործի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող 4000 մարդ, անցկացվել 19 տարատեսակ փորձաքննություն: «Շատերի մոտ հարց կծագի ինչու ենք այսքան շատ մարդու հարցաքննել, մեզ համար կարևոր չէ որքան մարդ, որքան ծավալուն աշխատանք, կարևորն այն է, որ գտնենք հանցագործության պատճառը, բացահայտվի գործի բոլոր մանրամասները»,- ասել է Լեբեդևը: ՌԴ ԴԺ Պետական Դումայի նախագահի քարտուղարության խորհրդական Միխայիլ Կրոտովը բառացիորեն նշել է. «Մենք միայն մեր անունից չէ, որ ներողություն ենք հայտնում, այլ ողջ դումայի անդամների: Սա մեր ընդհանուր ողբերգությունն է, մենք ցավում ենք, հայտնում մեր ցավակցությունը հայ ժողովրդին: Մենք դեռ երկու ամիս առաջ այցելեցինք Հայաստան, Գյումրի և այն ժամանակ մեր գլխավոր նպատակը մեր զորակցությունը հայտնել ձեզ »,- նշել է Միխայիլ Կրոտովը: Հանրահայտ Իրինա Ռոդնինան, ով արդեն երկրորդ անգամ է այցելում Գյումրի ողբերգական դեպքից հետո, խոսքում նշեց, որ սա այն ցավալի դեպքն է, որի մասին այնքան էլ հեշտ չէ խոսել: «Այն բոլոր պահանջները, որ կան փորձ է արվում կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով: Մենք ցավում ենք, որ միջխորհրդարանական խումբն համատեղ աշխատում է այսօրինակ ցավալի դեպքի առնչությամբ»,-ասել է նա: Քանի որ հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն , Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև միգրացիոն խնդիրներին, նշելով, որ շիրակցիների համար ՌԴ մեկնելու հետ կապված խնդիրների կարգավորումը չափազանց կարևոր է: Այնուհետև Շիրակի մարզպետը խոսել է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի, այստեղ առկա կիսակառույց մի քանի շենքերի վերականգնման հարցերի մասին: Մարզպետի կողմից առնաձին շեշտադրումներ են արվել 2013-ին Հայաստանում տեղի ունեցած բիզնես ֆորումին, որի ժամանակ ապագայի հետ կապված ձեռնարկներին է անդրադարձ կատարվել, Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է ներդրումային ծրագրերի հարցը, այս առումով ևս ծավալվել է բովանդակալից զրույց:

Նմանատիպ նյութեր