211652_close_icon
views-count3721 դիտում article-date 11:00 30-03-2015

Մայիսի 17-ին «Հորովել» երգի-պարի անսամբլն իր համերգով մեզ «կտանի» դեպի մեր արմատները. տեսանյութ

ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 17-ին՝ Ժամը 19:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: Թատերականացված համերգ-ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Շուրջ 60 տարվա ստեղծագործական տարեգրություն ունի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբից`1958 թվականին: 14 տարվա ստեղծագործական բեղուն աշխատանքների և կատարելագործման շնորհիվ 1972թ-ին, հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը և արտիստների վարպետությունը, նրան շնորհվել է պետական անսամբլի կարգավիճակ` վերանվանելով՝ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի: Անսամբլում տարբեր տարիներում աշխատել են ՀՀ ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վաղարշակ Կոտոյանը, Ազատ Ղարիբյանը, բեմադրություններ է արել ՀՀ վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանը և շատ ու շատ հայտնի անհատականություններ, ովքեր իրենց բարձրարժեք ստեղծագործություններով «Հորովել»-ի համբավը դուրս բերեցին հանրապետության սահմաններից: Այս են վկայում անսամբլի բամաթիվ հյուրախաղերը արտերկիր և տարբեր միջազգային փառատոնների մասնակցությունը, որտեղից վերադառնում էին մրցանակներով, հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականներին արժանանալով: 2013 թվականին «Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար է նշանակվել Արմեն Ներսիսյանը, ով երկար տարիներ անսամբլում աշխատել է որպես մեներգիչ: Երաժշտական մասի ղեկավարն է Էլմիրա Կռոյանը, իսկ գլխավոր բալետմայստերը`Արայիկ Գևորգյանը: «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը այսօր էլ՝ հավատարիմ իր սկզբունքներին, շարունակում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և շոշափելով ժամանակի զարկերակը, զգալով դարի շունչը՝ հայ ժողովրդական երգն ու պարը տարածում է ամբողջ աշխարհով` ի հեճուկս մշակութային համընդհանրացման: Այս համերգ- ներկայացումը իր բովանդակությամբ, հայ ժողովրդական երգի ու պարի միջոցով կվերարժևորի ազգային մշակույթի ծիսատոնական երևույթների պահպանման ու տարածման կարևորությունը: Մայիսի-17-ին կայանալիք համերգ-ներկայացման վանաձորյան պրեմիերայից հետո անսամբլը նույն ծրագրով, հյուրախաղերով հանդես կգա ԼՂՀ-ում`Ստեփանակերտում, իսկ սեպտեմբեր ամսին` Գյումրիում: Սկսած ապրիլի 11-ից, 6 շաբաթ շարունակ, «Արմ նյուզ», «Ֆորտունա», և «Ցայգ» հեռուստաընկերությունների եթերում կցուցադրվեն համերգի նախապատրաստական ընթացքի մասին պատմող ֆիլմեր, որոնք կունենան «Հորովելյան շաբաթ» խորագիրը: Գործադիր պրոդյուսեր` Արամ Կարապետյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր