211652_close_icon
views-count954 դիտում article-date 19:57 27-03-2015

Վարչապետն այցելեց Արմավիրի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: 2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի 30 տոկոսով: Արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով վերջերս ֆաբրիկայում ներդրվել են ժամանակակից նոր սարքավորումներ, այդ թվում ինկուբատորներ, ինչի արդյունքում ֆաբրիկան այլևս ստիպված չի լինի թռչունները ներկրել արտերկրից: Ֆաբրիկայում կատարված ներդրումները գնահատվում են 5-6 մլն դոլար: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ թռչնաֆաբրիկայում կատարվել են լուրջ աշխատանքներ՝ թռչնամսի արտադրության ուղղությամբ: «Մենք պետք է խրախուսենք մեր արտադրողներին և հնարավորություն տանք, որպեսզի ավելացնեն արտադրական ծավալները, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր, ժողովորդին կապահովվի տեղական արտադրանքով: Հայաստանը տարեկան ներկրում է 30-31 հազար տոննա թռչնամիս, իսկ տեղում արտադրում 9 հազար 400 տոննա: Կարելի է ներմուծել քիչ և շատ արտադրել: Այդ նպատակով, կառավարությունը պատրաստակամ է աջակցել ներքին արտադրողին»,- նշել է վարչապետը: Այնուհետև Հովիկ Աբրահամյանն Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և հողօգտագործողներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքն ու կատարված միջոցառումները: Գյուղնախարարը նշել է, որ պետական օժանդակության բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ներկրված բարձրորակ հացահատիկային մշակաբույսերի սերմացուն, մատչելի գնով պարարտանյութը և դիզելային վառելիքը: Սերգո Կարապետյանը շեշտել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այսուհետ գյուղացիական վարկերը չորս տոկոսի փոխարեն սուբսիդավորվելու են 6 տոկոսով, իսկ վարկերը կտրամադրվեն ապրիլի մեկից: Միաժամանակ, նախարարը նշել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաև ոռոգման համակարգում: Վարչապետի հանձնարարությամբ վերանորոգվել են նաև մի շարք խորքային հորեր: Սերգո Կարապետյանի խոսքով՝ համապատասխան քայլեր են իրականացվում նաև բերքի մթերման, իրացման և վերամշակման գործընթացը համակարգված և կազմակերպված կերպով իրականացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր