211652_close_icon
views-count2335 դիտում article-date 23:40 26-03-2015

ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման կոնֆերանսում Ստեփանավանը ճանաչվել է քաղաքի «Դերային մոդել»

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ՀՀ պատվիրակության կազմում Ճապոնիայի Սենդայ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) 3-րդ համաշխարհային կոնֆերանսին: Կոնֆերանսին մասնակցել են աշխարհի 110 պետությունների պատվիրակություններ: ՀՀ ներկայացնող պատվիրակության կազմում էին նաև Հյուգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) ազգային համակարգող, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Շրջակա միջավայր և անվտանգություն» ծրագրի պատասխանատու Էդվարդ Սաֆարյանը և ՄԱԶԾ բնապահպանական կառավարման պորտֆոլիոյի ծրագրի աշխատակից Տաթևիկ Կոլոյանը: Կոնֆերանսի նպատակն էր վերլուծել, գնահատել և ամփոփել ՀԳԾ-ի իրականացման արդյունքները և միևնույն ժամանակ հաստատել Հյուգոյի գործողությունների 2015-2030 թ.թ. ԱՌՆ ծրագիրը (ՀԳԾ-2): ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային կոնֆերանսում ՀՀ պաշտոնական զեկույցը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Նա ներկայացրել է հայաստանյան քաղաքների իրավիճակը` աղետներին դիմակայելու տեսանկյունից և ՀՀ կառավարության ու Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի գործողությունները` Հայաստանի քաղաքները աղետների նկատմամբ դիմակայուն դարձնելու վերաբերյալ: Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը Հայաստանի առաջին քաղաքներից մեկն է, որ միացել է «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին: Ստեփանավանում ձևավորվել է քաղաքի համայնքային դիմակայունության թիմ (ՀԴԹ), քաղաքի դիմակայունության 10 հիմնարար ուղղությունների հիման վրա մշակվել քաղաքի դիմակայունության գործողությունների պլան, որը ներառվել է քաղաքի զարգացման ծրագրում: Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է Ստեփանավան քաղաքին սպառնացող վտանգներն ու ռիսկերը, ինչպես նաև մասնագետների կողմից մշակվել դրանց նվազեցման ուղղությամբ առաջարկությունների փաթեթ: Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային կոնֆերանսի ընթացքում Ստեփանավան քաղաքը ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից պարգևատրվել է քաղաքի «Դերային մոդել» վկայականով: Ստեփանավանը լավագույն, օրինակելի քաղաք է ճանաչվել նաև՝ որպես ավտոմատացված և էներգախնայող գիշերային լուսավորություն ունեցող քաղաք, որը լուսավորված է գրեթե ամբողջությամբ (90%-ով` ներառյալ քաղաքի ծայրամասերը):

Նմանատիպ նյութեր