211652_close_icon
views-count12356 դիտում article-date 14:07 03-03-2015

Մինչ դահլիճում Կարեն Ավագյանը քրտնում էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը 650 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման վկայագիր հանձնեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 3-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի շրջանակներում մոտ 650 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Մրցույթը հայտարարվել է պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող 1-ին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՆ աջակցությամբ։ Կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Կառավարության ղեկավարը նշեց, որ ուրախ է հանդիպել կրթության ոգով ներշնչված երիտասարդների հետ։ ՙԲոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ և դեր է ունեցել մեր հասարակությունում։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում բարձրագույն կրթությունն առանձնակի է կարևորվում։ Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության և բարձր տեխնոլոգիաների ներդրման հետևանքով աշխատանքի շուկան մշտապես փոփոխվում է։ Արդյունքում վերափոխվում է աշխատանքային միջավայրը, ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ և որակավորումներ։ Այդ բոլոր գործընթացներում մի բան հստակ է. որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է։ ՀՀ կառավարությունը մշտապես աջակցում է երիտասարդներին՝ կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։ Ֆինանսական միջավայրի բացակայությունը և սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանան, որպեսզի մեր երիտասարդները կարողանան ստանալ լիարժեք կրթություն։ Բարձրագույն կրթության հասանելիության հարցը մշտապես ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, և մենք հետևողականորեն ջանքեր ենք գործադրելու այդ ուղղությամբ, որպեսզի տրամադրվող ֆինանսական օժանդակությունը տարեցտարի ավելանա։ Մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում կրթության ոլորտի զարգացմանն ու արդիականացմանը, և այդ բնագավառներում հաջողություններն ակնհայտ են։ Մեր երիտասարդությունը բարձրորակ կրթություն է ստանում ոչ միայն տեղական բուհերում, այլև հարյուրավոր երիտասարդներ շարունակում են ուսումն աշխարհի լավագույն կրթական օջախներում։ Հպարտանում եմ միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում մեր շնորհալի հայ երիտասարդների հաղթանակներով։ Ձեզանից պահանջվում է ուսման մեջ դրսևորել առավելագույն ջանասիրություն և աշխատասիրություն։ Մենք միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցելու՚,- նշեց ՀՀ վարչապետը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այս ծրագրի կարևորությունը տարիների ընթացքում ապացուցվել է։ ՙԱյս ծրագրի միջոցով առաջին կուրսեցիները հասկանում են, որ իրենց կրթությամբ և գիտելիքներով կարող են որոշակի սոցիալական խնդիրներ մեղմել։ Տարիների ընթացքում թեև ոմանք փորձել են պիտակավորել ուսման վարձի փոխհատուցման այս ծրագիրը, սակայն որևէ խնդիր չի առաջացել։ Մրցույթների արդյունքում բոլոր տարիներին կրթաթոշակ ստացածների անունները հրապարակված են, և բոլորը կարող են դրանց ծանոթանալ։ Մենք խրախուսում ենք սովորելու ցանկությունը, այն ուսանողներին, ովքեր սոցիալական տարբեր խմբերում են գտնվում և ուսման վարձի հետ կապված խնդիրներ ունեն։ Նման ուսանողները մեր բարեկամներն ու ընկերներն են, մենք էլ նրանց կողքին ենք՚,- նշեց Կարեն Ավագյանը։ Ուսման վարձի փոխհատուցման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 1040 ուսանող։ Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող։ Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես՝ ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։ Մրցույթում հաղթած ուսանողների անունները հրապարակվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքում՝ heh.am։ Նշենք, որ 2011-2014թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 3000 ուսանողի ուսման վարձը։ Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+

Նմանատիպ նյութեր