211652_close_icon
views-count811 դիտում article-date 14:24 02-03-2015

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը՝ Հայաստանի դիվանագետի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանում մասնագիտական տոների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Դիվանագետի օրը: Պատահական չէ, որ այն սահմանվեց մարտի 2-ին, քանի որ 23 տարի առաջ հենց այս օրը մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև: Հայաստանի անկախ հանրապետությունը դարձավ միջազգային ընտանիքը համախմբող ամենաընդգրկուն և ամենահեղինակավոր կազմակերպության անդամ: Հնարավորություն ընձեռնվեց մեր ձայնը ավելի լսելի դարձնել աշխարհում, մեր մասնակցությունը բերել մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը: Ընդունված է ասել, որ դիվանագիտական գործունեության արդյունավետությունը հնարավոր է ապահովել նպատակների և միջոցների ճիշտ համադրության պարագայում: Մեր դիվանագիտության առջև անկախության հենց առաջին տարիներից խնդիր դրվեց առկա սուղ հնարավորություններով իրագործել հավակնոտ նպատակներ` նպաստել մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ապահովելով արտաքին բարենպաստ միջավայր և աջակցություն: Այս կարճ ժամանակահատվածում ամրապնդվել են միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքն ու հեղինակությունը, ընդլայնվել և խորացել են երկկողմ և բազմակողմ դիվանագիտական կապերը, էապես մեծացել է միջազգային գործընթացներում մեր պետության ներգրավվածությունը, ամրապնդվել է մեր արտաքին անվտանգության բաղադրիչը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները առավել լսելի և ընկալելի են դարձել միջազգային հարթակներում, բարձրացել է Հայաստանի և արտերկրում գտնվող նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետությունը, ավելացել է տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թիվը: Այսօր Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 160-ից ավել երկրների հետ, ստորագրել է շուրջ 2 հազար միջազգային պայմանագիր և համաձայնագիր, 65 դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել արտերկրում և միջազգային կազմակերպություններում: Այս ամենին, անշուշտ, իրենց կարևոր նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ և, որ ամենակարևորն է` հայրենանվեր աշխատանքով: Այս տարիների ընթացքում կայացել և ամրապնդվել է մեր դիվանագիտական ծառայության համակարգը, որը զգալի նոր շունչ է ստացել արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցի հիմնադրումից ի վեր: Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմանների բարելավման առումով կարևոր ձեռքբերում կարելի է համարել դիվանագիտական ծառայության աշխատանքների առանձնահատկությունների համաձայն նախագծված արտաքին գործերի նախարարության նոր վարչական համալիրի կառուցումը, որը, համոզված եմ, կնպաստի դիվանագիտական ծառայության և մեր աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Դիվանագետի մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է կատարված աշխատանքի գնահատականի, այլ նաև դրա արդյունավետության ակնկալիքների առումով: Հանրապետության Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշերը և նրա կողմից տրված հանձնարարականները պարտավորեցնում են մեր դիվանագիտությանը ներդնել ողջ ներուժը՝ ի նպաստ մեր ժողովրդի անվտանգության և բարեկեցիկ ապագայի կերտման: Այս տարի նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավելյալ պարտավորեցնում է մեր դիվանագետներին՝ բազմապատկելու Մեծ Եղեռնի վերաբերյալ անժխտելի ճշմարտությունը ներկայացնելուն, կեղծարարություններին ու ժխտողականությանը հակազդելուն և դրանք չեզոքացնելուն ուղղված ջանքերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, շարունակելու է ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ: Հայաստանը ակտիվ համագործակցություն է ծավալելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, խորացնելու է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Մենք շարունակելու ենք հետևողական ջանքերը՝ սերտացնելու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի, խորացնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի, ասիական, արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան պետությունների հետ, ընդլայնելու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ընդարձակելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը: Մեր դիվանագիտությունը ուշադրության կենտրոնում է պահելու տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտության օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը: Սիրելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ` մեր մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ։ Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել արտգործնախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների վարչատնտեսական անձնակազմին, որոնք ինչպես արտաքին գործերի նախարարության կենտրոնական աշխատակազմում, այնպես էլ արտերկրում Հայաստանի ներկայացուցչությունններում իրենց նպաստն են բերում մեր ամենօրյա աշխատանքներին և մեր կողքին են։ Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։ Շնորհավո՛ր, հարգելի գործընկերներ։ Ի գո՛րծ՝ դեպի նորանոր ձեռքբերումներ։

Նմանատիպ նյութեր