211652_close_icon
views-count801 դիտում article-date 23:33 28-02-2015

Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի մամուլի ասուլիսը՝ Սումգայիթի ողբերգության եւ ադրբեջանական քարոզչության խեղաթյուրումների թեմայով

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի մամուլի ասուլիսը՝ Սումգայիթի ողբերգության եւ ադրբեջանական քարոզչության խեղաթյուրումների թեմայով: Ներածական խոսքում նա ընդգծել է, որ Սումգայիթի դեպքերի վերաբերյալ Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո Ադրբեջանում պաշտոնապես ձեւավորվել է վարկած, որ դրանք «սադրանք էին Ադրբեջանի դեմ եւ կազմակերպվել էին հայկական կողմից»: Որպես «ապացույց» ադրբեջանական քարոզչությունը բերում է այն հանգամանքը, որ քրեական գործով անցել է ոմն Էդուարդ Գրիգորյան` որպես ջարդերի մասնակից: Վահրամ Աթանեսյանը նշել է, որ, իրոք, նման անձնավորություն քրեական գործով անցել եւ դատապարտվել է ազատազրկման: Բայց նա երեք անգամ դատված էր, վերջին պատժի կրումից ազատվել էր 1987թ. դեկտեմբերին: Հայտնի է, որ խորհրդային իրավապահները կրկնահանցագործների հանդեպ ունեին վերահսկողության իրենց միջոցները: Էդուարդ Գրիգորյանը պարզապես ներդրվել է ջարդարարների մի խմբում` հեռահար նպատակներով: Եւ դա եւս մեկ ապացույց է, որ Սումգայիթի ոճրագործությունը կազմակերպվել է պետական մակարդակով: Այնուհետեւ բանախոսը մեջբերել է ադրբեջանցի հեղինակներ Զարդուշտ Ալիզադեի եւ Ռասիմ Աղաեւի «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքից հատվածներ, որոնք անառարկելիորեն ապացուցում են, որ Ադրբեջանում հայկական ջարդերի կազմակերպման գործն սկսվել է ավելի վաղ, քան ԼՂԻՄ Մարզխորհրդի նստաշրջանը կընդուներ հայտնի որոշումը: Գրքում առկա է կուսակցության Բաքվի քաղկոմի առաջին քարտուղար Ֆուադ Մուսաեւի վկայությունը, որ 1988թ.-ի փետրվարի 10-ից սկսած անհայտ անձինք հատուկ ավտոբուսներով տարվել են Բաքու քաղաքի ուսանողական եւ բանվորական հանրակացարաններ, որտեղ նրանք հնչեցրել են հակահայկական կոչեր: Մուսաեւը փետրվարի 19-ին փակել է այդ մեքենաների մուտքը Բաքու, որից հետո կազմակերպիչները տեղափոխվել են Սումգայիթ: 1988թ. փետրվարի 27-ի այսպես կոչված «հանրահավաքում» վերջինը ելույթ է ունեցել տեղի դպրոցներից մեկի տնօրեն Խըդըր Ալոեւը եւ հնչեցրել «մա´հ հայերին» կոչը, որից հետո ամբոխը հարձակվել է հայերի բնակարանների վրա: Ըստ Ալիզադեի եւ Աղաեւի, ազգությամբ հայերի բնակարանների հասցեները նրանք ունեցել են նախօրոք կազմված ցուցակների տեսքով: Վահրամ Աթանեսյանը ընդգծել է ադրբեջանցի հեղինակների գնահատականը, որ, վերադառնալով իշխանության եւ առաջին անգամ այցելելով Սումգայիթ, Հեյդար Ալիեւը դիմավորողների մեջ փնտրել է «մա´հ հայերին» կարգախոս հնչեցրած Խըդըր Ալոեւին, գրկախառնվել նրա հետ: Ալոեւը 1995-ին ընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, գլխավորել իշխող կուսակցության Սումգայիթի բաժանմունքը: «Դա վկայում է,- ընդգծել է բանախոսը,- որ Սումգայիթի դեպքերի կազմակերպիչը Հեյդար Ալիեւն է, միակ մարդը, որին պետք էր, որ Ադրբեջանում իրավիճակը սրվեր, քանի որ այդ օրերին Մոսկվայից Բաքու եկած քննչական հատուկ խումբը պատրաստվում էր վեր հանել 1969-82թթ. Հեյդար Ալիեւի գործունեության բոլոր հանցավոր կողմերը»: Վահրամ Աթանեսյանը հատուկ անդրադարձ է կատարել այս օրերին ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարփողվող մեկ այլ թեմայի՝ 1992 թվականի Խոջալուի ռազմագործողությանը: Նա նշել է, որ դեռեւս 1992 փետրվարի 20-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որ «Խոջալու են ներխուժել ԱՊՀ զինված ուժերի 366-րդ գնդի տանկերն ու զրահամեքենաները` թրթուրների տակ ճզմելով հազարավոր խաղաղ բնակիչների»: Դա վկայում է, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը ստահոդ տեղեկություններով փորձել է լարել իրավիճակը: Ինչ վերաբերում է բուն իրադարձություններին, ապա Վ. Աթանեսյանը նշել է, որ 1992թ. փետրվարի 25-ին Աղդամում կայացել է ռազմական խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է «Ասկերանով միջանցք բացել դեպի Խոջալու, տարհանել բնակչությանը»: Կազմավորվել է 3 գումարտակ, որոնց հրամանատարներն են եղել Ալահվերդի Բաղիրովը, Շիրին Միրզաեւը եւ Յաղուբ Մամեդովը: Գործողությանը մասնակցել է նաեւ Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության գումարտակը` Ռովշան Ջավադովի հրամանատարությամբ: Այս ուժերն են Աղդամի մատույցներում դիմավորել Խոջալուից մարդասիրական միջանցքով անարգել դուրս եկած մարդկանց: Եւ հենց այդ հանդիպման վայրում էլ արձանագրվել է մարդկանց սպանության փաստը: Բանախոսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 1992թ. փետրվարի լույս 26-ի գիշերն Աղդամից կազմակերպված ռազմագործողության մասնակից բոլոր հրամանատարները կարճ ժամանակ անց զոհվել են չպարզաբանված հանգամանքներում, զոհվել է նաեւ դեպքի վայրում փետրվարի 28-ին տեսանկարահանում իրականացրած Չինգիզ Մուստաֆաեւը: Վահրամ Աթանեսյանի եզրակացությամբ դեպքերի մասնակիցների ֆիզիկական ոչնչացումը կազմակերպվել է պետական մակարդակով, որպեսզի քողարկվեն Խոջալուի խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի գործած հանցանքները: Որպես եւս մեկ ապացույց, բանախոսը հիշեցրել է, որ 1993-ին գալով իշխանության` Հեյդար Ալիեւը կարգադրել է դադարեցնել Խոջալուի դեպքերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները եւ կարճել հարուցված քրեական գործը: «Անառարկելի է, որ 1988թ.-ից Ադրբեջանում հայ, ապա եւ ադրբեջանցի բնակչության դեմ գործած հանցանքների կազմակերպիչը եղել է Հեյդար Ալիեւը,- ընդհանրացրել է Վահրամ Աթանեսյանը,- ներկա ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի ադրբեջանական հանրությունն ուշքի չգա հակահայկական մոլագարությունից եւ տրամաբանական հարցեր չուղղի իշխող վարչախմբին: Բայց պետք է հուսալ, որ ադրբեջանական հասարակությունը կձերբազատվի դրանից, եւ այդ ժամ Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության կազմակերպիչները կկանգնեն արդարադատության առաջ»:

Նմանատիպ նյութեր