211652_close_icon
views-count1822 դիտում article-date 22:39 28-02-2015

Գեղարքունիքը հողերի օգտագործման մակարդակով առաջատարն է. գյուղատնտեսության նախարարն այսօր մարզում խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր ջրային ոլորտի և այլ պաշտոնատար անձինք: ‹‹2014 թվականին վարելահողերի օգտագործման մակարդակով և հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությամբ Գեղարքունիքի մարզը հանրապետության առաջատարն է››, - նշել է նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում: Մասնավորապես, նախարարի խոսքով, մարզում առկա 81739.7 հեկտար վարելահողերից 2014թ․ օպերատիվ տվյալներով մշակվել է 76315 հեկտարը (93.4%), նախորդ տարվա համեմատ 1745 հեկտարով ավել: Իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները 2014թ․ կազմել են 44102 հա: Ըստ կանխատեսումների 2015թ․ կկատարվի 44572 հա ցանք, նախորդ տարվանից 470 հեկտարով ավել: Բարձր գնահատելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC) շրջանակում մարզում արձանագրված արդյունքները, նախարարն ընդգծել է, որ մարզի 20 համայնքներում հիմնվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, և այդ ցուցանիշով ևս մարզը զբաղեցնում է առաջին տեղը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճ: Անդրադառնալով մարզում առկա ոռոգման հետ կապված խնդիրներին` Նախարարը հավաստիացրել է, որ առաջիկայում մարզ կայցելեն ոլորտի պատասխանատուները` տեղում խնդիրների հետ ծանոթանալու և դրանց լուծումներ տալու նպատակով: Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ֆերմեր Իվան Ասատրյանը, իսկ ոլորտի մի շարք ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր: Այնուհետև նախարարն այցելել է Լճաշեն համայնքում գտնվող կաթի վերամշակմամբ զբաղվող «Արա-Արեգ» ՍՊԸ, հետևել աշխատանքների ընթացքին: Ընկերության տնօրենը նախարարին տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են կաթի մթերման կետի, լաբորատորիայի, պանրի արտադրամասի ընդլայնման, ինչպես նաև դրանց սանիտարահիգիենիկ վիճակի բարելավմանն ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցմանն ուղղված աշխատանքներ Ընկերությունը 2014 թվականին մթերել է շուրջ 600 տոննա կաթ, իսկ 2015 թվականի փետրվարի 25-ի դրությամբ` շուրջ 100 տոննա կաթ՝ մեկ լիտրի դիմաց գյուղացիներին վճարելով 170 դրամ:

Նմանատիպ նյութեր