211652_close_icon
views-count1441 դիտում article-date 10:13 28-02-2015

Մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Անցնող շաբաթն ազդարարվեց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից կրքոտ ելույթով և դրա դեմ ՀԱԿ-ի կատաղի հակաքարոզչությամբ: Այդ գործին խառնվեցին նույնիսկ «Մարտի 1-ի» զոհերի հարազատները: Փաշինյանի ելույթում եղել են, իմ կարծիքով, թե' ճիշտ և թե' սխալ դրույթներ, բայց մի հարցում պատգամավորն իրավացի է. մեր կուսակցությունների մեծ մասում առկա է անձի անվերապահ պաշտամունք և դրանից բխող յուրահատուկ մի էքզալտացիա, որը ժամանակին հատուկ էր նաև իրեն՝ Նիկոլին: Այդ հոգեվիճակում գտնվող կուսակցականները կուրորեն արդարացնում են իրենց լիդերների ցանկացած քայլ և հարձակվում են ցանկացած կասկածողի վրա: Ինչպես և պատահում է նախկին զինակիցների դեպքում, հնչում են փոխադարձ կոպիտ մեղադրանքներ, որոնք ճիշտ չէ, որ արդար են: Մասնավորապես, ինձ թվում է՝ սուտ է, որ Փաշինյանը գործում է իշխանության պատվերով, ինչպես նաև սխալ է պատգամավորի այն պնդումը, որ առաջին նախագահի նամակը Սերժ Սարգսյանին խնդրագիր էր: Բայց եթե մի կողմ թողնենք բանավեճի հուզական դրսևորումները և անդրադառնանք դրա բովանդակությանը («ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորում»), ապա պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ամենևին ինստիտուցիոնալ չեն: Որևէ հարցում հաջողության հասնելու համար պետք է համբերություն ՝ դա «ամենաինստիտուցիոնալ» հատկանիշն է, որը կարող է, մասնավորապես, քաղաքական գործչի հաջողության գրավականը լինել: Ոչ ոք ի վիճակի չէ արհեստականորեն հասունացնել ո՛չ իշխանափոխությունը [որը ցանկացած երկրում ընդդիմության ամենագլխավոր նպատակն է], ո՛չ էլ ընդդիմության կայացումը: Չինական իճաստությունն ասում է. «Ապրիր՝ պահպանելով հանգստությունը: Կգա գարունը, ծաղիկներն իրենք կբացվեն»: Հանգիստ, ոչ թե ձեռքերը ծալած»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր