211652_close_icon
views-count5977 դիտում article-date 01:32 31-01-2015

Բունդեսլիգա. «Վոլֆսբուրգ»-ը ջախջախեց «Բավարիա»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի երկրորդ շրջանը մեկնարկեց մեծ անակընկալով: 18-րդ տուրի մեկնարկը տվեցին երկրորդ տեղը զբաղեցնող «Վոլֆսբուրգ»-ն ու առաջատար «Բավարիա»-ն: «Վոլկսվագեն Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց երկրի չեմպիոնների ջախջախիչ պարտությամբ: Խաղակեսերից յուրաքանչյուրում Դիտեր Հեկինգի թիմը երկուական գոլ խփեց: Հատկանշական է, որ մինչ «գայլերի» հետ խաղը «Բավարիա»-ն 17 խաղում 4 գոլ էր բաց թողել: «Գայլերի» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Կևին Դե Բրույնեն, ով դարձավ դուբլի հեղինակ և մեկ գոլի համահեղինակ: Խաղի մյուս հերոսը դարձավ Բաս Դոստը, ով նույնպես իր հաշվին դուբլ գրանցեց: «Բավարիա»-ի կազմում միակ գոլը հեղինակեց եզրային պաշտպան Խուան Բերնատը: «Բավարիա»-ն ամբողջ հանդիպման ընթացքում պարզապես «խաղադաշտում չէր» և դրա հիմնական մեղավորը իհարկե, «Վոլֆսբուրգ»-ն էր: Ակնհայտորեն Դիտեր Հեկինգը լավ էր ուսումնասիրել «Բավարիա»-ին և կարողացել էր պատշաճ կերպով թիմին նախապատրաստել կարևորագույն մրցավեճին: «Գայլերը» լիարժեք օգտագործեցին մրցակցի ազատ տարածությունները: «Բավարիա»-ի կողմից պրեսինգը մրցակցի կիսադաշտում բացարձակապես չէր աշխատում: Տանտերերը մի քանի փոխանցումով կտրում էին մրցակցի պաշտպանությունը: Անհատական մենամարտերում «Վոլֆսբուրգ»-ը նույնպես գերազանցեց «Բավարիա»-ին, ինչը ևս շատ կարևոր հանգամանք հանդիսացավ ահեղ մրցակցին գերազանցելու համար: Իսկ Կևին Դե Բրույնեն ապացուցեց, որ հանդիսանում Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Այդպիսով «Վոլֆսբուրգ»-ը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը հասցրեց «Բավարիա»-ին և երկնքից վայր իջեցրեց մյունխենցիներին: Այս պարտությունից հետո Պեպ Գվարդիոլան միանշանակ պետք է մտածելու տեղիք ունենա: Թիմը ձախողվեց բոլոր առումներով: Ինչ վերաբերվում է Բունդեսլիգային, ապա երկրորդ շրջանի մեկնարկը խոստումանլից է թվում առաջին տեղի համար մրցակցության առումով: Իհարկե, դրանից շահում են գերմանական ֆուտբոլի երկրպագուները և Բունդեսլիգան: Հավելենք, որ չնայած պարտությանը, «Բավարիա»-ն մրցաշարային աղյուսակում շարունակում է 8 միավորով գերազանցել «Վոլֆսբուրգ»-ին: [b]«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»`4:1[/b] Գոլեր` Դոստ 4', 45', Դե Բրույնե 53',73' – Բերնատ 55'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր