211652_close_icon
views-count3397 դիտում article-date 18:09 23-01-2015

«Վերնիսաժի» գործով վկաները ցուցմունք տվեցին. Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում էր «Վերնիսաժի» կրակոցների գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում վկաները ցուցմունք տվեցին: Առաջին վկան՝ Աստղիկ Օսիկյանը նշեց, որ այդ օրը անցել է «Վերնիսաժ» տոնավաճառի մոտով, ընդմիջումներով լսել է հինգ կրակոց, տեսել է վիրավոր տղամարդու, իսկ Կինոյի տան մոտ՝ արյունաքամ եղող տղայի, որին մոտեցել է եւ իր օգնությունն է առաջարկել: Աստղիկ Օսիկյանը ճանաչեց այդ տղային՝ նա տուժող Մյասնիկ Հայրապետյանն էր: Մեղադրողի հարցերին, թե վիճաբանության ձայներ կամ հայհոյանքներ վկան լսե՞լ է, Աստղիկ Օսիկյանը պատասխանեց, որ գոռգոռոցներ է լսել, սակայն պարզ չի կարող հիշել, թե ինչ գոռգոռոցներ էին, իսկ վիճաբանողներին չի տեսել: Նա նաեւ նշեց, որ երկու մեքենա է տեսել՝ սեւ եւ սպիտակ: Վկան ասաց, որ մինչեւ կրակոցները տեսել է, որ մի կին մի տղամարդու հրում էր դեպի սպիտակ ավտոմեքենան: Վկան նշեց, որ այնուհետեւ տեսել է բարձրահասակ տղաների, որոնք իրար ասել են՝ «էդ էիք ուզո՞ւմ»: Սակայն ամբաստանյալներից ոչ մեկի արտաքինը, ըստ նրա, չէր համապատասխանում այդ տղաների արտաքինին: Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, դատարանը բավարարեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ տեսել է, թե ինչպես իրեն անծանոթ մի երիտասարդ սպիտակ ավտոմեքենայից ցանկանում էր հեռանալ, սակայն անծանոթ մի աղջիկ հրում էր նրան դեպի մեքենան՝ պահանջելով հեռանալ, իսկ տղամարդը փորձում էր ազատվել աղջկանից եւ հայհոյում էր չգիտես՝ ում: Այնուհետեւ նա նկատել է, թե ինչպես է ավտոմեքենայի մեջ նստել մեկ այլ անծանոթ տղամարդ, որը մյուսին ասել էր «էս ի՞նչ արիր, ասում էի՝ արի գնանք այստեղից» եւ հեռացան դեպքի վայրից: Հաջորդ վկան՝ Վանիկ Պետրոսյանը իր ցուցմունքում նշեց, որ այդ օրը «Վերնիսաժ» տոնավաճառ է գնացել՝ աշխատանքի եւ դեպքի վայրին թիկունքով է կանգնած եղել եւ ոչ մի բան չի տեսել, սակայն աղմուկ է լսել: Լսել է նաեւ յոթ-ութ կրակոց եւ օրվա վերջում է տեղեկացել, որ տուժողներ Մնացական Սուքիասյանին եւ Ալվինա Բադալյանին տեղափոխել են հիվանդանոց. «Վեճեր եմ լսել, ավտոմեքենաների ազդանշաններ եմ տեսել եւ կրակոցներ, բայց չեմ կարող ասել, թե վիճաբանությունը ում միջեւ է եղել, ինչ ավտոմեքենաներ էին»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2015/01/23/535318/]այստեղ[/url] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր