211652_close_icon
views-count10523 դիտում article-date 22:22 21-12-2014

Մահացել է Արմեն Նիկողոսյանը

Երեւանի մամուլի ակումբը խորը վշտով հայտնում է սիրելի գործընկերոջ՝ Արմեն Նիկողոսյանի անժամանակ մահվան՝ մեր հոգու եւ գիտակցության համար անըմբռնելի, ծանր կորստի մասին։Մենք միասին ենք եղել մեր կազմակերպության հիմնադրման օրվանից։ Արմենն առաջիններից մեկն էր տեղեկանում հայ լրագրության բոլոր նորությունների մասին, եւ նրա շնորհիվ դրանք տարածվում էին Երեւանի մամուլի ակումբի ինֆորմացիոն ռեսուրսներով։ Ինչպես տարիների ընկերությունն է մարդկանց դարձնում հարազատներ, այդպես էլ գործընկերները, ում հետ ամեն օր հանդիպում ես ավելի քան քսան տարի, դառնում են մտերիմներ, ովքեր երբեմն ընտանիքիդ անդամներից էլ շուտ են իմանում քո ուրախ ու տխուր պահերի մասին։ Դժվար է խոսքեր գտնել… Հոգումդ բողոք է այս կյանքի հանդեպ, որից անարդար, անսպասելի, անդառնալի հեռանում են արժանավոր, իրենց ճանաչողների համար թանկ մարդիկ…Արմեն ջան, մենք անգամ չհասցրինք այցելել քեզ, որովհետեւ դու չէիր ուզում, որ մենք քեզ տեսնենք տկարացած, առանց քո վարակիչ ժպիտի ու հիանալի կատակների… Թող Աստված քեզ իր հովանու տակ առնի եւ պահպանի քրոջդ ու մայրիկիդ, որոնց համար այսուհետ դու կդառնաս Պահապան հրեշտակ…Խորապես ցավակցում ենք Արմենի ընտանիքին, նրա հարազատներին, բարեկամներին, մեր բոլոր գործընկերներին։ Արմեն Նիկողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Ադմիրալ Իսակովի պողոտա 1 հասցեում (Արգավանդի խաչմերուկի մոտ) գտնվող սգո սրահում։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 13.00, նույն սրահից։ Արմեն Նիկողոսյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 27-ին։Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրական մեքենաների ֆակուլտետը՝ ուսմանը զուգահեռ սովորելով նաեւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։Որպես լրագրող աշխատել է «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերում, 2004 թվականից Երեւանի մամուլի ակումբի փորձագետ էր։1992-1997 թվականներին Արմեն Նիկողոսյանն աշխատել է Հայաստանի շախմատիստի տանը՝ նախ որպես բաժանմունքի վարիչ, այնուհետեւ՝ շախմատի մասնագիտացված մանկապատանեկան դպրոցի տնօրեն։Արմեն Նիկողոսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ էր, ՖԻԴԵ-ի միջազգային կարգի մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Արմեն Նիկողոսյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին:

Նմանատիպ նյութեր