211652_close_icon
views-count23370 դիտում article-date 15:39 17-12-2014

Աբովյան քաղաքում հուզված կինը ինչո՞ւ էր դիմել ճանապարհային ոստիկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակչուհի, 38-ամյա Հրանուշ Մխիթարյանը թիվ 259 ավտոբուսով Երևանից Աբովյան գալու ճանապարհին նկատում է, որ պայուսակի միջից տարել են իր դրամապանակը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Հ. Մխիթարյանը հուզված պատմում էր. «Երևանից նստեցի ավտոբուս, որ գամ տուն: Ավտոբուսի մեջ մի կին անընդհատ սեղմում էր ինձ: Հասանք Աբովյան՝ շուկայի մոտ, ուզեցի վճարեմ ուղեվարձը ու իջնեմ: Նկատեցի, որ դրամապանակս չկա: Ավտոբուսից իջանք, բռնեցի այդ կնոջը և ասացի, որ ինքն է տարել իմ դրամապանակը: Նա սկսեց ինձ համոզել, թե՝ ես չեմ տարել, արի գնանք մի կողմ, ցույց տամ, թե ով է տարել և դիմեց փախուստի: Այդ պահին Հանրապետության փողոցում ես մոտեցա Գայի տղաներին ու հայտնեցի, որ նման դեպք է տեղի ունեցել: Գայի տղաները սկսեցին վազել այդ ուղղությամբ և մի քանի րոպե անց իմացա, որ նրան բռնել են: Նրա պայուսակի մեջ հայտնաբերվեց իմ դրամապանակը, որի մեջ 15,000 դրամ էր: Իսկ այդ գումարը հավաքել էի իմ կովերը կթելուց և ստացված կաթի վաճառքից: Ու այդ գումարով էսօր ուզում էի աղջկաս ծնունդը նշել»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրպանահատին հետապնդել և վնասազերծել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Լևոն Զազյանն ու տեսուչ Ալեքսանդր Հակոբյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ գրպանահատը նախկինում՝ մի քանի անգամ դատապարտված, այս պահին էլ պայմանական կալանքի տակ գտնվող, 44-ամյա Անահիտ Նավասարդյանն է, ում մոտ հայտնաբերվել է նաև դրամապանակը՝ ողջ գումարով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջին անգամ Ա. Նավասարդյանը դատապարտվել է այս տարվա հունիսի 21-ին Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 24 հասցեում գործող կտորեղենի խանութում քաղաքացուհի Ռոզա Տոնոյանի դրամապանակը գողանալու համար: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տուժված Հ. Մխիթարյանը խնամքին ունի 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա, տղան էլ ծառայում է Հայոց բանակում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր