211652_close_icon
views-count1397 դիտում article-date 15:34 30-10-2014

Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործարարության ավանդական վարկանիշը, ըստ որի Հայաստանը չորս կետով բարելավել է դիրքերը, 49-րդ կետից տեղափոխվելով 45-րդ կետ. «Միայն մեկ՝ հարկերի վճարման բաղադրիչով մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղ, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարների ուշադրությունը հրավիրելով վարկանիշային ցուցանիշների բարելավման ուղղությամբ միջոցառումների ակտիվացման, արդյունքները հանրությանը ներկայացնելու անհրաժեշտության վրա: Վարչապետը արժևորել է հայրենական արտադրողի դերը, նրանց դրսևորվելու հնարավորությունների ստեղծման ու աջակցության կարևորությունը: Անդրադառնալով «Ժամանակովոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, իսկ չաշխատող հղի կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի: Դա ընդունեք հիմք, - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին դիմելով, վարչապետը շարունակել է. «Բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը, դա հանրությանը շատ է հետաքրքրում: Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի»:

Նմանատիպ նյութեր