211652_close_icon
views-count603 դիտում article-date 19:45 24-10-2014

Արցախի վարչապետը մասնակցել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի միջոցառմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ մասնակցել է բուհ-ում տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Ստեփանակերտ ժամանած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցչական պատվիրակությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ: Վարչապետը, հյուրերի հետ միասին, նախ, ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմում զոհված ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա բուհի մեծ դահլիճում մասնակցել հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մասնակիցներին ուղղած ողջույնի խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ով, մասնավորապես, նշել է, որ երկու բուհերի միջև արդեն ձևավորվել է արդյունավետ համագործակցություն: Ընդամենը մեկ ամիս առաջ նման հանդիպում տեղի է ունեցել Երևանում` ՀՊՏ համալսարանում, որին ներկա էր նաև ԱրՊՀ խորհրդի նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել փոխադարձ այցելության համար՝ ակնկալելով, որ առաջիկայում այդ համագործակցությունը ավելի կամրապնդվի: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Ա. Հարությունյանը կարևորել է երկու բուհերի միջև ձևավորվող հարաբերությունները և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում ԱրՊՀ շրջանավարտները կարևոր դերակատարություն են ունեցել և հիմա էլ ունեն Արցախի պետականության կայացման գործում: Անդրադառնալով բուհում տնտեսագիտության մասնագիտության հիմնադրման և կայացման ուղուն՝ Ա. Հարությունյանը շեշտադրել է հատկապես տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՏ համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանի դերը: Շնորհակալություն հայտնելով Յ. Սուվարյանին Արցախի գիտակրթական համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ վարչապետը նրան պարգևատրել է Արցախի Վարչապետի, իսկ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ համալսարանի «Ոսկե խաչ» հուշամեդալներով: Ֆակուլտետի կայացման ուղղությամբ ունեցած ներդրման համար ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Թավադյանն արժանացել է վարչապետի պատվոգրի: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևատրության համար՝ Յ. Սուվարյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի տնտեսության զարգացմանն ու գերակա ուղղություններում իրականացվող քաղաքականությանը: Նա բարձր է գնահատել տարեկան 9-10 տոկոս տնտեսական աճի ապահովումը և նշել, որ առաջիկա տարիներին նման տեմպերի պահպանումը հնարավորություն կտա մեծ առաջընթաց ապահովել Արցախի զարգացման գործում: Տնտեսության զարգացման արդյունավետության բարձրացման համար, սակայն, Յ. Սուվարյանը մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք վերաբերում էին, մասնավորապես, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և վերամշակող արդյունաբերությանը: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Միջոցառման ավարտին ցուցադրվել է կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրմանն ու կայացմանը:

Նմանատիպ նյութեր