211652_close_icon
views-count1348 դիտում article-date 11:06 24-10-2014

Արցախում Էբոլայի կանխարգելման համալիր միջոցառումներ են անցկացվում

Աշխարհում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությամբ համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված ԼՂ Հանրապետություն հիվանդության ներթափանցումը և ազգաբնակչության շրջանում տարածումն կանխելու նպատակով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից հոկտեմբերի 17-ին ստորագրվեց հրաման: Հրամանի համաձայն տրվել են համապատասխան հանձնարարականներ նախարարության և համակարգի, մասնավորապես շտապ բժշակական օգնության, ինֆեկցիոն, համաճարակաբանության և հիգիենայի ծառայությունների պատասխանատու անձանց` անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար: ԼՂՀ բնակչության, ինչպես նաև Արցախ ժամանողների և մեկնողների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և իրազեկելու նպատակով արդեն պատրաստ են «Էբոլա վարակի վերաբերյալ» և «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերնագրված հուշաթերթերի նմուշները և «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ուղեցույցը: Նախատեսվում են նաև սեմինար դասընթացներ՝ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար: Առողջապահության նախարարությունը ավելի սերտ կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ վայրի կենդանիների հանրապետություն ներկրման սահմանափակումների առնչությամբ: Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվեն արագ արձագանքման թիմերի ուսուցողական դասընթացներ: Թիմերը կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով: Հանրապետության բժշկական կազմակերպություններում առկա են արհեստական շնչառական ապարատների, դեղորայքային (ջերմիջեցնողներ, արյունահոսությունը կանխող պատրաստուկներ), անհատական պաշտպանիչ արտահագուստի պահուստային պաշարներ: ԼՂՀ առողջապահության նախարարության պաշտոնաթերթի և էլեկտրոնային կայքի միջոցով մշտապես կտրամադրվեն տեղեկություններ էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հիմնական կլինիկական ախտանշանների, վարակվելու ռիսկի, տարածման մեխանիզմների և գործոնների, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր