211652_close_icon
views-count1268 դիտում article-date 22:01 01-09-2014

Երևանի քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի քարտուղարն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ

Ուսումնական տարվա մեկնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով: Քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք, ովքեր հանդիսավոր պայմաններում ուսուցիչներին, դպրոցականներին ու նրանց ծնողներին են փոխանցել Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել օրվա առթիվ Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր աշակերտներին, ուսուցչական անձանակազմին և ծնողներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ Կամո Արեյանն ընդգծել է դպրոցի կարևոր դերն ու առաքելությունը զարգացած և կրթված հասարակության ձևավորման հարցում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոց՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր է այցելել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շնորհավորական խոսքում քաղաքապետի տեղակալը, ընդգծելով կրթահամալիրի բացառիկ դերը, նշել է, որ այն, նկատի առնելով նաև մշակութային կարգավիճակը, քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո է: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի առաջին զանգի միջոցառմանը և քաղաքապետի ու իր անունից շնորհավորելով ներկաներին՝ բարի երթ ու հաջողություններ է մաղթել նոր ուսումնական տարում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն ու հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ այցելել են Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց և ներկա գտնվել այնտեղ անցկացված տոնական միջոցառմանը: Նրանք դպրոց այցելած հյուրերի, ծնողների և աշակերտների հետ ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի կիսանդրուն: Դպրոցի ապագա շրջանավարտները խոստովանել են, որ մասնագիտության ճիշտ ընտրության և հետագայում հայրենիքի համար պիտանի մարդ դառնալն իրենց՝երջանկահիշատակ վարչապետի անվան դպրոցի սաների համար յուրօրինակ պատգամ է: Տոնական միջոցառումից հետո ուսուցիչներն առաջինցիներին ուղեկցել են դասարաններ և անցկացրել 2014-2015 թվականների ուսումնական տարվա առաջին դասը: Աշակերտներն իրենց հերթին խոստացել են ուսանել բարձր առաջադիմությամբ և մշտապես բարձր պահել հարազատ դպրոցի և սիրելի մայրաքաղաքի պատիվը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր